չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայաստան վերադարձած 32 գերիների մի մասն արդեն հարցաքննվում է. տուժողի դատավարական կարգավիճակ ունեն

Հայաստան վերադարձած 32 գերիների մի մասն արդեն հարցաքննվում է. տուժողի դատավարական կարգավիճակ ունեն

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում սկսվել են դեկտեմբերի 13-ին Ադրբեջանից վերադարձած գերիների հետ տարվող քննչական գործողությունները։ Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Աբրահամյանը փոխանցեց, որ նրանք, հիմնականում տուժողի դատավարական կարգավիճակ ունեն․ «Վերադարձած անձանց հետ կապված քրեական վարույթի շրջանակում (այն նախաձեռնվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի առնչությամբ) նրանք տուժող են ճանաչված։ Նրանց հետ համապատասխան քննչական գործողություններ են սկսվել։ Դրանք շարունակական բնույթ կկրեն այնքան ժամանակ, մինչև գործընթացն ավարտվի»։

Նրա խոսքով` տվյալ քրեական վարույթը, որի շրջանակում իրականացվում են քննչական գործողությունները, քննվում են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում։
ՔԿ մամուլի խոսնակը շեշտեց` ևս մի քանի անձինք անցնում են պատերազմից հետո շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից իրականացված առևանգումների և գերեվարումների դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով։ Նրանց հետ ևս համապատասխան գործողություններ են նախատեսված և իրականացվելու են։
 
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։
 
Զինծառայողների փոխանակումը տեղի ունեցավ դեկտեմբերի 13-ին Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 

  • Կիսվել: