կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայ ռազմագերիների իրավունքների խախտումներ, խոշտանգումներ. ի՞նչ կտա հայկական կողմին ՄԱԿ CERD-ի զեկույցը

Հայ ռազմագերիների իրավունքների խախտումներ, խոշտանգումներ. ի՞նչ կտա հայկական կողմին ՄԱԿ CERD-ի զեկույցը

Օգոստոսի 30-ին ՄԱԿ-ի ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն հրապարակեց Ադրբեջանի կողմից ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները:

Այս թեմայով կազմակերպված ասուլիսի ժամանակ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը կարևոր համարեց, որ ՄԱԿ-ի կողմից արձանագրվել է  2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայ ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում մարդու իրավունքների այն լայնածավալ խախտումները, որոնց վերաբերյալ այս՝ գրեթե երկու տարվա ընթացքում բազմիցս բարձրաձայնվել է, բարձրաձայնվել է և՛ Մարդու իրավունքի պաշտպանների գրասենյակների կողմից, և՛ հասարակական կազմակերպությունների կողմից, և՛ տարբեր պետական կառույցների կողմից:

«Շատ գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս հարցում, հատկապես, բավական ակտիվորեն աշխատել են հասարակական,Հայաստանի, Արցախի և նաև միջազգային կազմակերպություններից ներկայացուցիչները, որոնք կոմիտեին ներկայացրել են զեկույցներ հենց Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Միանշանակ, այս զեկույցներն են, որոնք հիմք են ծառայել ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեի համար ամբողջական պատկեր կազմելու և համապատասխան դիտարկումներ անելու համար»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:

ՄԱԿ-ի զեկույցի բովանդակային մասը ներկայացնելով Գեղամ Ստեփանյանը նշեց, որ եզրափակիչ դիտարկումներում արձանագրված է հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված հանցագործությունները, այդ թվում նաև՝ խոշտանգումների մասին:

«Այսինքն, այն ամեն ինչը, որը մենք այսքան ժամանակ բարձրաձայնել ենք կապված մեր ռազմագերիների իրավունքների պաշտպանության հետ:

Միաժամանակ, նաև եզրափակիչ դիտարկումներում հստակ արձանագրված է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից դեկտեմբերի 7-ին ընդունված միջոցները՝ հղումը կատարված է նաև այդ միջոցներին, և նշված է, որ հենց սրա շրջանակներում Ադրբեջանը պետք է ինֆորմացիա տրամադրի, թե ինչ է իրականացվել: Կուզենայի նշել, որ նաև այս հարցին անդրադարձ է կատարվել մշակութային արժեքների դեմ իրականացվող վանդալիզմի դեպքերի վերաբերյալ կետում և մեծ հաշվով, արձանագրվել է և՛ ռազմագերիների իրավունքների խախտումները, և՛ մշակութային արժեքների դեմ ուղղված վանդալիզմը, և՛ հայատյացության խոսքը, որը և՛ պատերազմի ընթացքում, և՛ դրանից հետո, և՛ նաև մինչև պատերազմը բավականին մեծ ծավալով տարածված է Ադրբեջանում:

Այս եզրափակիչ դիտարկումներում արձանագրվել է նաև, որ բացակայում են համապարփակ մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի ուսումնասիրել այս խախտումները:

Սա շատ կարևոր արձանագրում է այն տեսանկյունից. տեսեք, նախորդ տարիների ընթացքում, ես էլ որպես ՄԻՊ բազմիցս բարձրաձայնել եմ, որ բացակայում են այդ մեխանիզմները, հատկապես հրադադարից հետո ընկած ժամանակահատվածում իրականացված հանցագործությունների պարագայում, երբ, փաստորեն անպատժելիության իրավիճակ է ստեղծվել և ադրբեջանական կողմը ցանկացած հանցագործություն անելուց հետո որևէ ձևով պատասխանատվության չի ենթարկվում»,- ասաց  Գեղամ Ստեփանյանն ու հավելեց, որ այսինքն, ադրբեջանցին պատասխանատվության չի ենթարկվում հայ սպանելու համար, կամ օրինակ հայի իրավունքների խախտումներ թույլ տալու դեպքում պատասխանատվության չի ենթակվում Ադրբեջանի համապատասխան մարմինների կողմից:

Նրա խոսքով, զեկույցի մեջ կան առաջարկություններ ուղղված Ադրբեջանին, որոնք հենց բխում են իրավիճակի նկարագրությունից․

«Դրանցում ես կնշեի օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը թույլ չտալու հետ կապված հարցը։ Այսինքն, մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ ռեալ մեխանիզմների կիրառման վերաբերյալ առաջարկությունը, ատելության խոսքի, կամ հայատյացության հետ կապված հանրային կամ քաղաքական գործիչների ելույթների մոնիթորինգի վերաբերյալ առաջարկը, անպատժելիությունը վերացնելու կամ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն ապահովելուն ուղղված առաջարկությունը։ Այսինքն իրավիճակը նկարագրելուց առաջարկություններ են ներկայացվել ադրբեջանական կողմին:

Իմ կարծիքով այս փաստաթուղթը կարևոր է, զուտ այն պատճառով, որ այն ի թիվս այլ փաստաթղթերի, ևս մեկ անգամ արձանագրել է հայկական ու միջազգային որոշ կազմակերպությունների կողմից այս ընթացքում արձանագրված խնդիրները և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները և կարծում եմ, որ նաև դատական ատյաններում ընթացող գործընթացներում այն ևս պիտանի և շատ կարևոր է լինելու»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը:  

  • Կիսվել: