կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գյումրիում կոտրել են Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի բնակարանի ապակին, մտել ներս ու ողջ գույքը տակնուվրա արել

Գյումրիում կոտրել են Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի բնակարանի ապակին, մտել ներս ու ողջ գույքը տակնուվրա արել

Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում «բնակարանային գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է սեպտեմբերի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին դիմած Շիրակի մարզի բնակիչ Ռոման Փ.-ի ահազանգի փաստով:

Այդ օրը Ռոման Փ.-ն ահազանգել է ոստիկանության Կումայրիի բաժին և հայտնել , որ սեպտեմբերի 14-ի ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Ռիժկովի փողոցի 6 հասցեում գտնվող բնակարանի պատշգամբի ապակին, մտել ներս, այնուհետև կոտրել բնակարանի աշխատասենյակի մուտքի դռան ներքևի հատվածը, տունն ու աշխատասենյակը տակնուվրա արել, ապա հեռացել: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Կարեն Գևորգյանը:

Ռոման Փ.-ն ոստիկաններին հայտնել է նաև, որ ինքը չի կարող հայտնել արդյոք բնակարանից գողություն կատարվել է, թե ոչ:

Գ. Շամշյանի տեղեկություններով բնակարանը պատկանում է Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

  • Կիսվել: