2026-2031 թթ. 2 մլրդ դոլարի ապօրինի գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին, համայնքներին. վարչապետ
Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի 51,9 քմ ընդհանուր մակերեսով գույքն ամրացնել ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեին։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել և նշել, որ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թ. հունվարի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի, իրավաբանական անձի, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի՝ 2008 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ Քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲ ընկերությունը որպես պատասխանող ներգրավվել է այն պատճառով, որ հանդիսացել է 2008 թվականին առուվաճառքի պայմանագրի կողմ հանդիսացած՝ «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ի իրավահաջորդը:
«Հայցի քննության ընթացքում առաջարկվել է հաշտության համաձայնություն, որը դատարանի 2026 թ. ապրիլի 14-ի վճռով հաստատվել է: Դատարանի կողմից հաստատված և օրինական ուժի մեջ մտած հաշտության համաձայնությամբ, 2026 թ. հունիսի 6-ին ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի 51,9 քմ մակերեսով թիվ 97 նկուղային տարածքի և 0,08 հա մակերեսով հողամասի նկատմամբ»,-ասել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ այն հերթական գույքերից մեկն է:
ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է 2025-2026 թթ. ընթացքում Դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանն ու համայնքներին վերադարձված հանրային բարիքին՝ այգիներին, պուրակներին, զբոսայգիներին, անտառային տարածքներին:
Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել Երևանում, մի շարք մարզերում վերադարձված գույքերի մասին. «Սյունիքի մարզում՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում՝ դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 5 հողատարածք՝ 3153 քմ մակերեսով, Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող 3 հողատարածք՝ 687 քմ մակերեսով: Տավուշի մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, դատախազության հայցերի բավարարման, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող 16 հողատարածք՝ 5260,7 քմ մակերեսով, Դիլիջան համայնքի տիրապետմանն է վերադարձվել 67 հա մակերեսով «հատուկ պահպանվող տարածքներ» նպատակային և «բնապահպանական» գործառնական նշանակությամբ հողամաս, որի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիարդ 579 միլիոն դրամ է (12 միլիոն 436 հազար ԱՄՆ դոլար): Արարատի մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, դատախազական ներգործության արդյունքում, Արտաշատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի պուրակում գտնվող 2 հողատարածք՝ 250 քմ մակերեսով: Համայնքի ֆինանսավորմամբ պուրակում բարեկարգման աշխատանքները, մեր ունեցած տեղեկություններով, ավարտվել են: Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել նաև Քաղաքային զբոսայգում գտնվող 4 հողատարածք՝ 4601 քմ մակերեսով:
«Դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ դատախազական ներգործության արդյունքում Հայաստանի Հանրապետության տիրապետմանն են վերադարձվել Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժեքով շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքներ (65 գույքային միավոր)։ Հողատարածքների նկատմամբ դադարել է «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումը: Այս ուղղությամբ ուսումնասիրությունները շարունակվում են, քանի որ այլ հողատարածքների՝ առերևույթ ապօրինի տիրապետման վերաբերյալ տեղեկություններ են ստացվել: Գեղարքունիքի մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, դատախազական ներգործության արդյունքում՝ ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 6 հողատարածք՝ 5.7 հա մակերեսով: Դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ դատախազական ներգործության արդյունքում, 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված 201 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: Ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն լողափնյա սեզոնի ավարտից հետո:
Կոտայքի մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, դատախազության հայցի բավարարման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ շուրջ 2 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
Լոռու մարզում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում՝ դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող 13 հողատարածք՝ 4451,7 քմ մակերեսով:
Երևանում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում՝ Դատախազության հայցերի բավարարման արդյունքում, ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Գարեգին Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 7,5 հա մակերեսով 6 հողամասի նկատմամբ, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 3 միլիարդ 382 միլիոն դրամ է (9 միլիոն 215 հազար ԱՄՆ դոլար)»։
Վարչապետը կարևորել է վերադարձված գույքերի հետագա ճակատագիրը որոշելու հարցը և ընդգծել՝ քանի որ գույքերի ծավալները մեծանում են, պետք է հարթակ ստեղծել՝ գույքերը համապատասխան տրամաբանությամբ կառավարելու համար։ «Առաջիկայում Կառավարության ծրագրի մեջ ուզում ենք մեր առաջ խնդիր դնել։ Մենք խնդիրը ձևակերպելու ենք հետևյալ կերպ՝ 2026-2031 թթ. 2 մլրդ դոլարի ապօրինի գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին, համայնքներին։ Սա շատ իրատեսական խնդիր է։ Հանրության կողմից շատ հստակ պահանջ կա ձևակերպված, ուզում եմ շնորհակալություն հայտնել հանրությանը համբերատարության համար։ Մեխանիզմները գործարկված են», -ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգի առաջին վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2025 թվականին, այսինքն՝ այդ համակարգը լիարժեք նոր սկսել է գործել։
ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով կայացված վճիռներին և ներկայացված հայցերին: Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ բոլորովին վերջերս՝ 2026 թ. հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանի կողմից մասնակի բավարարվել է Դատախազության հայցը՝ ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ ՀՀ ենթակա է բռնագանձման.Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մեկ բնակարանի 45%-ը,Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող մեկ բնակելի տունն ամբողջությամբ, 184 միլիոն 222 հազար 585 դրամ: «Իմ նշած երեք այլ վճիռներից 2026 թ. հուլիսի 3-ին Հակակոռուպցիոն դատարանի կայացված վճիռն է ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ ՀՀ ենթակա է բռնագանձման Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որոնցից 1 կբռնագանձվի ամբողջությամբ, 2 գույքերի՝ ապօրինի գնահատված մասերը, բանկում ներդրված 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, դրանցից կուտակված ընդհանուր՝ 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, 352 միլիոն 438 հազար դրամ»,- նշել է Աննա Վարդապետյանը:
Մյուս վճիռը, ըստ նրա, Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 5-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ ՀՀ ենթակա է բռնագանձման 8 անշարժ գույք, որոնցից 4-ը կբռնագանձվի ամբողջությամբ, մյուս 4-ը՝ ապօրինի ճանաչված մասերով, 1 իրավաբանական անձում 50% մասնակցությունը, 2 տրանսպորտային միջոց, 2 անշարժ գույքի և 1 տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը՝ շուրջ 25 միլիոն դրամ, 85 միլիոն 430 հազար դրամ: Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 21-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր դուստր Անի Սարգսյանի: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման Էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության 39341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլար ավանդ, 10 միլիոն 200 հազար դրամ, 4853 եվրո, 2 միլիոն 643 հազար դրամ: Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ ՀՀ-ի ենթակա է բռնագանձման 9 անշարժ և 6 շարժական գույք, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 340 միլիոն դրամ:
Գլխավոր դատախազը հավելել է, որ գույքերը գնալով շատանում են, այդ թվում բնակարաններ, բնակելի տներ, առանձնատներ, որոնց կառավարման կարգը օր առաջ անհրաժեշտ է մշակել։ «Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում դատարան ներկայացված հայցերին, ապա նշեմ, որ ներկայում Հակակոռուպցիոն դատարանում քննվում է 172 հայց, իսկ 2-ը դեռևս չեն ընդունվել վարույթ։ Դատարանում քննվող հայցերի ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 628 միլիարդ 600 միլիոն դրամ։ Հայցերով պահանջվում է բռնագանձել 1486 անշարժ գույք, 371 շարժական գույք, 464 իրավաբանական անձում մասնակցություն, ինչպես նաև դրամական միջոցներ, որոնց ընդհանուր չափը կազմում է շուրջ 464 միլիարդ 600 միլիոն դրամ»,- եզրափակել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ նախատեսվող ուղենիշը իրատեսական է:



