երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գասպարյանը՝ դստեր՝ աշխատանքի չգնալու և գումար ստանալու մասին

Գասպարյանը՝ դստեր՝ աշխատանքի չգնալու և գումար ստանալու մասին

Իմ երեխան երգչուհի չի, մենակ փոքր ժամանակ երգել է, որ երգչուհի լիներ, էսօր էլ կերգեր, այլ ոչ թե կսովորեր համալսարանում, ի դեպ՝ քաղաքագիտություն. Հակակոռուպցիոն դատարանում  հայտարարեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ ի պատասխան այն հարցադրմանը, թե նա բնակարան է նվիրել մի մարդու, ով եղել է իր աղջկա պրոդյուսերը։

«Պրոդյուսեր հասկացությունը ես ընդհանրապես չեմ հասկանում։ Հետո էլ պետք չէր գովազդել իրեն պրոդյուսեր լինելու համար, թե չէ ուրիշ ուժեղ պրոդյուսեր չկա իմ երեխայի համար։ Եթե ինձ պետք լիներ պրոդյուսեր՝ ինչ ուզենայի, ում ուզենայի, անելու էին»,-ասաց նա։

Հարցին, որ Ներքին զորքերում է ծառայել նրա մյուս դուստրը, և նաև վերջինիս կոչումի բարձրացում է եղել՝ փոխգնդապետ, որը հայրն է ստորագրել, Գասպարյանը պատասխանեց. «Այո, ես եմ խնդրել Երանոսյանին  (նկատի ունի Լևոն Երանոսյանին-խմբ.), որ ընդունի իմ աղջկան աշխատանքի, հետո երեխեք է ունեցել և այլն, և այլն, հետագայում չեմ հետաքրքրվել այդ պրոցեսներով,  բայց երբ ազատվելուց հետո իմացել եմ, որ հաճախումները չի ապահովել, ես ինքս եմ ասել, որ կտանեք, այդ գումարները կմուծեք, որ այլ բաներ տեղի չունենան»,-ասաց նա։

Գասպարյանը նշեց, որ աղջիկը աշխատանքի չի հաճախել, ինքը դրա մասին չի տեղեկացվել։ «Ես ու Երանոսյանը մարտական ընկերներ ենք, անհարմար է զգացել այդ հարցերը բարձրացնի, ամաչել ա, լռել ա, չեմ ողջունում դա, բայց չեմ էլ մեղադրում։ Էլ չեմ պատասխանում ձեր հարցերին, արդեն նյարդայնանում եմ»,-ասաց նա։

Նշենք, որ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում)։

Ըստ մեղադրանքի՝ Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանը եւ Լեւոն Երանոսյանը կատարել են պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական կեղծիք եւ պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակություն։ Դրանց հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս:

  • Կիսվել: