ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գագիկ Խաչատրյանի փաստաբանները նրա՝ Լոս Անջելեսի առանձնատունը բռնագանձելու վերաբերյալ հայտարարություն են տարածել

Գագիկ Խաչատրյանի փաստաբանները նրա՝ Լոս Անջելեսի առանձնատունը բռնագանձելու վերաբերյալ հայտարարություն են տարածել

Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը սկսել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող՝ Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթաց։

Այս առնչությամբ Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ ազատ տնտեսական գործունեության սահմանափակման օրինականությունը կվիճարկվի։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ ՛՛Ս.թ. մայիսի 5-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կենտրոնական շրջանի դատարանում հայցադիմում է ներկայացվել ԱՄՆ Լոս Անջելեսի Հոմբի Հիլզ թաղամասում Խաչատրյաններին պատկանող կոմերցիոն նշանակության անշարժ գույքի բռնագանձման պահանջով:

Խաչատրյանների փաստաբանական խումբը այս գործընթացը որակել է որպես բիզնեսմենների ազատ տնտեսական գործունեության խոչընդոտման հերթական դեպք, որն իրականացվում է առանց այն հաստատող որևէ հիմնավոր ապացույցի։ Խումբը հայտնել է, որ առկա են բոլոր իրավական հիմքերը հայցադիմումի օրինականությունը վիճարկելու օրենքով սահմանված բոլոր ատյաններում, ինչի ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են միջոցներ:

Նշենք, որ Խաչատրյանները անշարժ գույքի զարգացման ոլորտում մի քանի միջազգային գործարք են իրականացրել, ընդ որում պետք է ասել, որ դրանք միշտ համապատասխանել են բոլոր օրենսդրական պահանջներին: Այս անօրինական և ուղղորդված գործընթացների մասին բազմիցս հրապարակային պարզաբանումներ տրվել են և դրանք վիճարկվում են նաև Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններում արդարության հաստատման համար: Գործընթացի բողոքարկման հարցով ԱՄՆ փաստաբանական խումբը ևս հանդես կգա հայտարարությամբ:

Խաչատրյաններն ու նրանց կողմից հիմնադրված տնտեսական միավորները ապահովում են կայուն բիզնես շարունակականությունը` թույլ չտալով գործունեության խաթարման և հեղինակության արատավորման որևէ դեպք՛՛:

  • Կիսվել: