կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ձեռնարկատերերի պետական հաշվառումը և իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու համար կստեղծվեն իրավական հիմքեր

Ձեռնարկատերերի պետական հաշվառումը և իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու համար կստեղծվեն իրավական հիմքեր

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր այն անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր այն իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն: Միևնույն ժամանակ, կսահմանվեն անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց պետական գրանցումները ճանաչելու կարգի առանձնահատկությունները:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվեց, թե ներկայացված օրենսդրությամբ տնտեսվարողների շրջանում ինչ ազդեցություն կթողնի այս փոփոխությունը:

«Ամենակարևորն ապահովում է իրենց իրավունակության շարունակականությունը: Այսինքն՝ տնտեսվարողներն իրենց կնքված և գործող պայմանագրերի՝ վարկերի և մյուս հարաբերությունների ու պարտավորությունների մասով, այս կարգավորման ընդունման պարագայում, այլևս չեն ունենա որևէ խոչընդոտ և կշարունակեն իրենց տնտեսվարական գործունեությունը»,- նշեց Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ կսահմանվի ժամկետ՝ մինչև 2024 թվականի հունվարի 31-ը, և ընկերություններին հնարավորություն կտրվի գրանցվելու գրանցամատյանում, որով կճանաչվի վերջիններիս իրավունակությունը:

Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

  • Կիսվել: