Ձեր ասածները կարծիք է ստեղծում, որ կա իրական ինչ-որ հանգամանք, որի մասին չեք հայտնում․ Դատավորը՝ Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալին
«Ձեր ասածները կարծիք է ստեղծում, որ կա իրական ինչ-որ հանգամանք, որի մասին չեք հայտնում։ Ո՞րն է այդ իրականը, ասեք, պրծնենք, բոլորը հանգստանան, մենք բոլորս էլ սպասում ենք՝ եթե կա իրական հանգամանք, որը հայտնի չէ բոլորիս, ասեք»,- Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստում ասաց նիստը նախագահող դատավոր Վարդան Հարությունյանը՝ դիմելով հարցաքննվող մեղադրյալ Մառլեն Սարգսյանին, ով եղել է ՀՀ ՊՆ 75937 զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը։
Մ. Սարգսյանն ասաց, որ իրենք բազմաիթվ միջնորդություններ, բացարկներ են հայտնել, որոնք քննիչի կողմից անտեսվել են ու գործն այդպես կիսատ ուղարկվել է դատարան։
«Ես ամպագոռգոռ հայտարարություններ չեմ անում։ Ես խոսում եմ միայն փաստերով, միայն իրականությունից ելնելով»,- ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ մինչ օրս ցանկացած ինֆորմացիա հայտնել է դատարան, պատրաստ է նույն ձևով շարունակել, ոչ մեկից կաշկանդվածություն չունի։
Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։


