ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Դատավորների շրջանում կոռուպցիան շարունակում է մտահոգել. Պետդեպը ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել

Դատավորների շրջանում կոռուպցիան շարունակում է մտահոգել. Պետդեպը ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2020-ին Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը, որում անդրադարձ է արվում ՄԻ-ին առչվող մի շարք ոլորտների:

Կյանքից կամայական զրկում

Զեկույցում նշվում է, որ 2020-ի ընթացքում ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունները բանակում մահերի (ոչ մարտական գործողությունների հետևանքով) և իրավապահ մարմինների կողմից այդ դեպքերը բացահայտելու ու վստահելի հետաքննություն անցկացնելու անկարողության վերաբերյալ շարունակել են մտահոգություն հայտնել։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զոհերի ընտանիքների խոսքով՝ բանակում մահվան բազմաթիվ դեպքերն ինքնասպանություն որակելու պրակտիկան նվազեցնում է հետաքննության ընթացքում բռնության և չարաշահումների դեպքերը բացահայտելու հավանականությունը։

Ձերբակալման և ձերբակալվածների հետ վարվելու ընթացակարգը

Ըստ օրենքի՝ քննչական մարմինը պարտավոր է ձերբակալման պահից երեք ժամվա ընթացքում կա՛մ կալանավորել, կա՛մ ազատ արձակել անձանց: 72 ժամվա ընթացքում քննչական մարմինը պետք է ազատի ձերբակալվածին կամ նրա դեմ մեղադրանք առաջադրի և դատավորից ստանա ձերբակալման հրաման։ Մինչդեռ իրավապաշտպանները հաղորդում են, որ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո դատարաններն ավելի քիչ են հակված կիրառել մինչդատական կալանք՝ նախընտրելով այլ խափանման միջոցներ, ինչպիսին է՝ գրավը, ասված է զեկույցում։

Արդար հրապարակային դատաքննության բացակայություն

Ինչպես նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած զեկույցում, թեև օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, ՀՀ-ում դատական համակարգը, որպես կանոն, անկախություն և անկողմնակալություն չի ցուցաբերել։ 2020-ի ընթացքում դատավորների անկողմնակալության նկատմամբ բնակչության վստահությունը շարունակել է նվազել։

Դատավորների շրջանում կոռուպցիան նույնպես շարունակում է մտահոգություն առաջացնել։ Մեկ տարվա ընթացքում ՀԿ-ները շարունակել են հայտնել, որ որոշ դատավորներ ձեռք են բերել մեծ քանակությամբ անշարժ գույք և ակտիվներ, որոնք անհամաչափ են իրենց աշխատավարձին։

Կարծիքների արտահայտման ազատություն, այդ թվում՝ մամուլի

Սահմանադրությունը և օրենքը նախատեսում են խոսքի ազատություն, այդ թվում՝ մամուլի համար, որը կառավարությունը սահմանափակել է COVID-19-ի հետ կապված արտակարգ դրության և Լեռնային Ղարաբաղում պատերազմի ֆոնին հայտարարված ռազմական դրության կապակցությամբ։

Մարտի 16-ին COVID-19 համարվարակը զսպելու համար սահմանված արտակարգ դրության առաջին ամսվա ընթացքում կառավարությունը սահմանափակումներ է մտցրել զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ՝ համավարակի մասին պաշտոնական կառավարական աղբյուրներին հակասող տեղեկատվություն հրապարակելու համար սահմանելով վարչական տուգանքներ։

Արդյունքում ոստիկանության աշխատակիցները մի շարք այցելություններ են կատարել տարբեր լրատվամիջոցների խմբագրություններ՝ ստիպելով նրանց հեռացնել առանձին հոդվածներ՝ տուգանքների սպառնալիքով։

Խոսքի ազատության պաշտպանության ՀԿ-ի տեղական կոմիտեն հաղորդել է 2020-ի ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության մի քանի դեպքերի մասին: Մասնավորապես՝ բռնության զոհ են դարձել News.am լուրերի թղթակից Լիանա Սարգսյանը, Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանը, Yerkir.am թղթակից Տաթևիկ Կոստանդյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանը և MegaNews.am կայքի խմբագիր Մարգարիտա Դավթյանը։

Հաղորդումներ են ստացվել նաև իրավապահ մարմինների կողմից լրագրողներին ահաբեկելու մասին: Օրինակ՝ հուլիսի 3-ին ոստիկանությունն այցելել է «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաալիքներ՝ նրանց դեմ վարչական գործեր հարուցելու նպատակով, քանի որ նրանց աշխատակիցները եթերում պաշտպանիչ դիմակ չեն կրել։

Դիտորդները այդ գործողությունները որակել են որպես իշխանության չարաշահում, կոչ են արել իրավապահ մարմիններին զերծ մնալ ԶԼՄ-ների գործունեությանը միջամտելուց։

Հակասեմական տրամադրություններ

Հայաստանում նկատվում է հակասեմական տրամադրությունների աճ, ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին զեկույցում:

Մինչև Ադրբեջանի հետ մարտերը Հայաստանում հակասեմական գործողությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել, թեև սոցիալական ցանցերում հայտնվել են հակասեմական որոշ մեկնաբանություններ։ Կառավարությունը չի դատապարտել նման հակասեմական արտահայտությունները։

Պետդեպը հայտնում է, որ սեպտեմբերի 27-ից ի վեր հակասեմական տրամադրությունների աճ է գրանցվել՝ նշելով, որ հրեական համայնքի անդամների և այլ դիտորդների կարծիքով՝ այդ գործոնը մեծապես կապված է Ադրբեջանի կողմից Իսրայելում արտադրված զենքի օգտագործման հետ։ 

  • Կիսվել: