հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Դատարանը բավարարել է ոստիկանների վրա հարձակված եղբայրներին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը բավարարել է ոստիկանների վրա հարձակված եղբայրներին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը բավարարել է ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ 2003թ. ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանությունը՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ), 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը՝ ապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ), 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով զենքը հափշտակելը) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելը):

2001թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Նշենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան՝ փախչել են:

Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է, իսկ մյուս ոստիկանը վիրավորվել:

 

  • Կիսվել: