«Մի կաթիլ մեղր»-ի պատմություն Գեղադիր բնակավայրում․ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց
Սեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժին և հայտնել, որ ծեծի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գառնիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, համայնքային ոստիկանները պարզել են, որ նրանք են Կոտայքի մարզի Գեղադիր բնակավայրի բնակիչներ 27-ամյա Աշոտ Ա.-ն և 24-ամյա Երջանիկ Ա.-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գառնու համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Գեղադիր բնակավայրում ավտոմեքենայի վերանորոգման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխվածների և նրանց համագյուղացիներ 20-ամյա Տիգրան Գ.-ի, 27-ամյա Մհեր Գ.-ի, 36-ամյա Մայիս Մ.-ի և 48-ամյա Ֆարամազ Գ.-ի միջև, որի ժամանակ վերջինները ձեռքերով, ոտքերով, ապա շինարարության մեջ օգտագործվող տարբեր գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել Աշոտ և Երջանիկ Ա.-երին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Գեղադիր բնակավայրի 4-րդ փողոցում։
Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նշված անձինք ներկայացել են ոստիկանության Գառնիի բաժին, որտեղից էլ նրանց ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Աշոտ և Երջանիկ Ա.-երը հարազատ եղբայրներ են, բերման ենթարկվածներից Տիգրան և Ֆարամազ Գ.-երը Գառնի խոշորացված համայնքի Գեղադիր բնակավայրի վարչական ղեկավարի ազգականներն են, իսկ Ֆարամազ Գ.-ն աշխատում է Գառնիի համայնքապետարանում։
Այս դեպքից որոշ ժամանակ անց ոստիկանության Գառնիի բաժին անձնական ունեցվածքի գողություն հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, քանի որ Աշոտ Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ Գեղադիր բնակավայրում նկատել է, որ իր ավտոմեքենայում եղած մոտ 300 հազար դրամ գումարից մնացել է մի քանի հազար դրամ։ Նա ոստիկաններին հայտնել է, որ երբ իրեն տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կայանել է հիվանդանոցի ընդունարանի հատվածում, ապա ինքնազգացողությունը քանի որ վատացել է, մտել է հիվանդանոց, իսկ այնտեղ արդեն անվտանգության աշխատակիցները իրեն տեղեկացրել են, որ իրենք ավտոմեքենան կուղղեն։
Արդեն սեպտեմբերի 14-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում պարզել է, որ ավտոմեքենայի միջից բացակայել է մոտ 300 հազար դրամ գումարը։ Թե ով է գողացել այն, իրեն հայտնի չէ։ Նշված գողության փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները նաև ունեն տեղեկություններ, որ վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակից է եղել նաև Գեղադիրի վարչական ղեկավար Գևորգ Գ․-ն, այս տեղեկությունները պարզվում են։



