շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատարանն անվավեր է ճանաչել Բրյուսովի համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը. Գալստյան

Դատարանն անվավեր է ճանաչել Բրյուսովի համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը. Գալստյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն անվավեր ճանաչեց Բրյուսովի անվ․ պետական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Դ․ Գյուրջինյանի՝ համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

««ԲՐՅՈՒՍՈՎ» ՁԱԽՈՂՎԱԾ ՕՊԵՐԱՑԻԱՆ կամ անպատժելիությունն էլ սահման ունի…

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն անվավեր ճանաչեց Բրյուսովի անվ․ պետական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Դ․ Գյուրջինյանի՝ համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը։

Հշեցնեմ, որ հակառակ իշխանությունների զազրելի ռեպրեսիվ միջոցների, 2023-ի դեկտեմբերի 9-ին, ձայների ջախջախիչ մեծամասնությամբ Բրյուսովի ռեկտոր էր ընտրվել Կ․ Հարությունյանը։ Ընտրությունների արդյունքների արձանագրությունը ստորագրել էր Ժաննա Անդրեասյանը, բայց կառավարությունն անցանկալի թեկնածուին չհաստատեց ռեկտորի պաշտոնում։

Եվ ոստիկանության հոծ շարքերի աջակցությամբ, բառիս բուն իմաստով համալսարան խուժեց և ռեկտորի աշխատասենյակը գրավեց ռեկտորի ընտրություններում ջախջախիչ պարտութուն կրած, բայց իշխանությունների սրտի թեկնածու Դավիթ Գյուջինյանը։

Դե սա էլ գործի անցավ՝ սկսելով համալսարանը «անցանկանալի տարրերից մաքրելու» հանձառությունից։ Աշխատանքից ազատեցին կամ դատական հետապնդումների ենթարկեցին մի շարք «ոչ հնազանդ», իրականում՝ ակնհայտ ապօրինությունները չհանդուրժող դասախոսներ, այդ թվում՝ համալսարանի երկու պրոռեկտորները։ /Այդ հրամաններից մեկն այսօր բեկանվեց/։

Ի դեպ, սույն թվականի փետրվարի 13-ին Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ՝ համալսարանի ռեկտորի պաշտոնի համար: Միակ թեկնածուն Դավիթ Գյուրջինյանն է, ով արդեն մեկ տարի իրականացնում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Այս ընտրությունը խիստ վիճահարույց է, քանի որ այս պահին նախկին ընտրության արդյունքները վիճարկող երկու հայց կա դատարանում։

Ինչպե՞ս է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել բաց մրցույթ, երբ դատական քննությունը ավարտված չէ և նախորդ ընտրության արդյունքները անվավեր ճանաչված չեն։ Սա, ըստ էության հակասում է «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ Օրենքին։

Այս խնդրով օրերս պաշտոնական նամակ եմ ուղարկել Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին»։

  • Կիսվել: