հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դատական նիստերի դահլիճում վատացավ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի ինքնազգացողությունը

Դատական նիստերի դահլիճում վատացավ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի ինքնազգացողությունը

Հակակոռուպցիոն դատարանում երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի եւ եւս 12 անձի գործով ընթացող դատական նիստին վատացել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի ինքնազգացողությունը: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հակոբ Ենոքյանը:

Նշենք, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու համար:

Հիշեցնենք, որ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), իսկ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով)։

Մեղադրանք է ներկայացվել նաեւ «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փաստաթղթի կեղծում) եւ եւս 9 անձի:

  • Կիսվել: