երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բրյուսովի պրոռեկտորն ու ամբիոնի վարիչի պաշտոնակատարը հրաժարվել են թմրանյութերի լաբորատոր թեստ հանձնել

Բրյուսովի պրոռեկտորն ու ամբիոնի վարիչի պաշտոնակատարը հրաժարվել են թմրանյութերի լաբորատոր թեստ հանձնել

Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ թմրանյութ պահելու կասկածանքով Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր Սահակ Մանուկյանն ու վերջինիս ընկեր, նույն համալսարանի ամբիոններից մեկի վարիչի պաշտոնակատար Հակոբ Մադոյանը բերման են ենթարկվել ՆԳՆ ոստիկանություն:

Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Ոստիկանությունից հաղորդում է ստացվել երկու անձի կողմից առերևույթ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու վերաբերյալ:

Կառույցի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի ապօրինի շրջանառելը, իրացնելը): Նշանակվել է համապատասխան փորձաքննություն՝ ներկայացված երեք փաթեթի պարունակության բնույթը, տեսակը պարզելու համար:

Լրատվամիջոցների հետ զրույցում ԲՊՀ-ի աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր Սահակ Մանուկյանը հայտնել էր, թե չի ընդունում այն մեղադրանքը, որի պատճառաբանությամբ իրեն ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանություն: Նա այդ ամենը համարել էր բացարձակ կեղծիք: Մանուկյանը դրանում քաղաքական ենթատեքստ էր նկատել՝ ասելով, թե այս քայլով ոչ թե փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, այլ պախարակել իր հեղինակությունն ու բարի համբավը, հեղինակազրկել նրանց, ովքեր պայքարում են արատավոր երևույթների դեմ:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր Սահակ Մանուկյանն ու նույն համալսարանի ամբիոններից մեկի վարիչի պաշտոնակատար Հակոբ Մադոյանը հրաժարվել են անցնել նշանակված լաբորատոր փորձաքննությունները:

Հիշեցնենք, որ, ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության, հոկտեմբերի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները ծառայության ընթացքում Մինսկի փողոցում տարօրինակ վարքագիծ էին նկատել վերոնշյալ անձանց մոտ: Պարեկները մոտեցել էին նրանց և նկատել, որ նրանցից մեկը գրպանից իրեր է դուրս հանում ու նետում: Տեղում նրանք վնասազերծել էին այդ անձանց. պարզվել էր, որ նետվել է 3 փաթեթ և 2 գլանակ:

  • Կիսվել: