հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բացահայտվել են պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու նոր դեպքեր

Բացահայտվել են պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու նոր դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր: 

Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնող պարեկները, պարզելով, որ Վ. Գ.-ի վարած ավտոմեքենան տեխնիկական զննություն չի անցել, նրանից պահանջել են փաստաթղթերը, սակայն այդ ընթացքում վարորդի ամուսին Կ. Մ.-ն որպես կաշառք 10 000 ՀՀ դրամ է թողել պարեկների ավտոմեքենայի մեջ՝ խնդրելով արձանագրություն չկազմել: Պարեկային ծառայության աշխատակիցները, սակայն, կաշառք առաջարկելու կասկածանքով ձերբակալել են ուղևորին և տեղափոխել ոստիկանության բաժին:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մյուս քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ էլ հիմնավորվել են վարորդներ Ա. Պ.-ի և Ա. Կ.-ի կողմից թույլ տված վարչական իրավախախտումները չարձանագրելու համար ՀՀ ոստիկանության պարեկներին կաշառք առաջարկելու դեպքեր:

Նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնող պարեկները, նկատելով, որ վարորդներ Ա. Պ.-ն և Ա. Կ.-ն երթևեկում են անկանոն, կանգնեցնել են նրանց։ Արդյունքում պարեկները պարզել են, որ հիշյալ վարորդները երթևեկել են առանց վարորդական վկայականների և գտնվել են ոչ սթափ վիճակում: Վերը նշված իրավախախտումները չարձանագրելու համար վարորդներ Ա. Պ.-ն և Ա. Կ.-ն պարեկներին առաջարկել են, համապատասխանաբար, 10 000 և 20 000 ՀՀ դրամ կաշառք: 

Պարեկներին կաշառք առաջարկելու համար Կ. Մ.-ին, Ա. Պ.-ին և Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի (Կաշառք տալը) 2-րդ մասի 3-րդ կետով: 

Վերը նշված երեք քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է: Վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Նկատի ունենալով վերջին շրջանում հաճախ արձանագրվող` ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու կամ առաջարկելու դեպքերը, Հակակոռուպցիոն կոմիտեն հիշեցնում է, որ ոչ միայն կաշառք տալը, այլ նաև առաջարկելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի, համարվում է քրեորեն հետապնդելի արարք, որի համար նախատեսված է ընդհուպ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկում, ուստի հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելուց և դրսևորել իրավաչափ վարքագիծ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: