շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություններ կատարելու դեպքեր. ՔԿ

Բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություններ կատարելու դեպքեր. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության հետ համատեղ կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական լայնածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով համակարգչային եղանակով հափշտակություններ կատարելու դեպքեր:

 

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 34-ամյա և Էջմիածին քաղաքի 31-ամյա բնակիչները, մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնության գալով առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություն կատարելու շուրջ, «Facebook.com» կայքում գրանցված տարբեր անվանումներով օգտահաշիվների միջոցով ներկայացել են որպես «Իդրամ» ՍՊ ընկերության աշխատակիցներ։ Նշված հավելվածով բոնուսներ կամ արտոնյալ կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ մտացածին խոստումներ ներկայացնելով և այլ պատրվակներով, վերջիններս քաղաքացիներից ստացել են նրանց անվամբ նույնականացված «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակներին ապօրինի հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ տվյալները և դրանց միջոցով նրանց անվամբ, առանց այդ քաղաքացիների գիտության ու համաձայնության, թվով 21 վարկային պայմանագրեր են կնքել և հափշտակել դրանցով հաստատված ընդհանուր 9․200․000 ՀՀ դրամ գումարը:

 

Ենթադրյալ հանցագործությունը կատարած վերոնշյալ անձինք, միջոցներ ձեռնարկելով միմյանց այլուրեքությունն ապահովելու համար, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով, 2021 թվականի օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տվյալն առանց օրենքով, կամ պայմանագրով, կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, մուտքագրելու միջոցով կատարել են համակարգչային հափշտակություններ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 31 և 34-ամյա տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Նշված 2 անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ենթադրյալ հանցագործության մեջ ներգրավված մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: