հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արաբկիրի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, պատճառված վնասը կվերականգնվի

Արաբկիրի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, պատճառված վնասը կվերականգնվի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանի Արաբկիր թաղային համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հողվածի 2-րդ մասով (երկու դրվագ):

 

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, վերջինս 2005-2007թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ՝ շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ ընդգրկված «Արաբկիր» զբոսայգու տարածքից 1500 քմ մակերեսով հողատարածքն ուղիղ վաճառքով օտարվել է Արաբկիրի թաղապետարանի ենթակայության «Մաքուր Արաբկիր» ՓԲ ընկերության տնօրենին՝ իր սանիկին:

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը Երևանի «Արաբկիր» թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Թբիլիսյան 3/3 հասցեի 2734.6 քմ. մակերեսով շենք-շինությունները, կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով՝ 29.800.000 ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել է իր հորը, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Հետագայում  հիշյալ անշարժ գույքը բաժանվել է երկու գույքային միավորների և անհամեմատ բարձր արժեքներով օտարվել այլ անձանց:

Նախաքննության ընթացքում Երևանի Արաբկիր թաղային համայնքի նախկին ղեկավարը դիմում է ներկայացրել և խնդրել իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու՝ ոչ արդարացնող հիմքով:

Համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում վնաս պատճառելու դեպքերով Երևան համայնքը քրեական գործով ճանաչվել է որպես տուժող, իսկ 450.340.462 ՀՀ դրամի չափով՝ քաղաքացիական հայցվոր:

2022 թվականի  փետրվարի 22-ին որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հանցանքն ավարտված համարելու օրվանից վաղեմության ժամկետներն անցնելու՝ ոչ արդարացնող հիմքով:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ ոչ արդարացնող հիմքով կայացված որոշման հիման վրա Երևան համայնքին պատճառված վերոնշյալ չափով գումարը վերականգնելու մասով ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ հայցի ապահովման միջոցներ կիրառելու ուղղությամբ:

  • Կիսվել: