երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ապօրինի գույքի բռնագանձման գործով ծանուցում է ստացել ՀՀԿ-ական, Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար՝  Ռուսլան Բաղդասարյանը

Ապօրինի գույքի բռնագանձման գործով ծանուցում է ստացել ՀՀԿ-ական, Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար՝ Ռուսլան Բաղդասարյանը

ՀՀ դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման գործերով շահագրգիռ անձ հանդիսացող Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին, նրա հետ փոխկապակցված անձ Արմինե Հարությունյանին ծանուցագրեր է ուղակել։ 
 
Նշենք, որ ՀՀԿ-ական Ռ. Բաղդասարյանը, որը հիշյալ  պաշտոնում նշանակվել էր նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք՝ 2012-ին,  հեղափոխությունից ամիսներ անց՝ 2018 թ. հոկտեմբերին, դադարեցրեց վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները։  

Հիշեցնենք, որ 2019 թվականին Ռ. Բաղդասարյանին  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):  Ոստիկանությունը Դավթաշենի նախկին համայնքապետի աշխատակազմում մոտ 42 մլն դրամի չարաշահում էր  բացահայտել: Ըստ ոստիկանության՝ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները 2009-2018 թվականների ընթացքում թաղապետարանում տարբեր հաստիքների են հրամանագրվել, աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել: Ոստիկանության պարզաբանմամբ՝ այդ մարդկանց անվամբ դուրս է գրվել շուրջ 42 միլիոն դրամ աշխատավարձ: 

Աշխատանքից ազատվելուց հետո Ռ. Բաղդասարյանը  դարձավ իշխանություններին քննադատող, «օր ու արև չտվող» ակտիվ  ֆեյսբուքցի։ Այս օրերին էլ նախկին պաշտոնյան, ընտանյոք հանդերձ, դարձել է ակտիվ  «զարթնիր, լաո»-ական, օրերս էլ կիսվել էր  ապրիլի 23-ի երթին մասնակցած  դստեր լուսանկարով։ 

Նկատենք, որ դատախազության ծանուցագրերն ուղարկվել են ապրիլի 28-ին (որտեղ նշված է, որ ծանուցագիր ստացած շահագրգիռ անձը պետք է դատախազություն ներկայանա մայիսի 5-ին։)  

Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում մայիսի 1-ի հուժկու հանրահավաքի նախօրյակին  գրական-գեղարվեստական ոճով գրառում էր արել՝ մասնավորապես նշելով. «Այս իշխանությունները մեզ կանգնեցրել են ապրելու և մեռնելու երկընտրանքի առաջ: Հավատացե՛ք, սա չափազանցություն չէ. մեռնելն այսօր իրատեսական է առավել, քան երբևէ։ ...Հրահրեցին 44-օրյա պատերազմը, որպեսզի վախեցնեն, և մենք վախի ազդեցությամբ գնանք իրենց նախընտրած թուրքական «խաղաղության» ճանապարհով: Այդ ճանապարհը մեզ տանում է ոչնչացման, որպես ազգ՝ վերացման, լավագույն դեպքում՝ մեր երկրից փախուստի դեպի այլ ապահով երկրներ: Կդառնանք աստանդական, ինչպես 1915-ի ցեղասպանությունից հետո մեր հազարավոր նախնիները:  Իրական խաղաղությունը կլինի սրանց իշխանությունից հեռացնելուց հետո»: Մեռնել-ապրելու երկընտրանքի առաջ կանգնած նախկին պաշտոնյան այնուհետ հավելել է. «Ես ուզում եմ ապրել մեր երկրում, ուզում եմ լինել անվտանգ պետության քաղաքացի, ուզում եմ գլուխս բարձր կոչվել հայ: ...Խնդրում եմ քաղաքական գործիչներին «սիրելու-չսիրելու», «ընդունելու-չընդունելու», «հավատալու-չհավատալու» բոլոր պատճառաբանությունները թողնել մի կողմ, որովհետև այս պայքարը պետք է իրականացնենք ինքներս՝ մեր երեխաների՝ գլուխը բարձր ապրելու համար: ...Ուզում ե՞նք խաղաղություն, ուրեմն պետք է ունենանք #առանցնիկոլՀայաստան»։ 

Ծիծաղելի լինելու աստիճան զարմանալին այն է, որ «ճ  կլասի» քաղաքական վերլուծություն անող  Բաղդասարյանը մաս է կազմել մի իշխանության, որի ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի  օրոք մեկնարկել էր  հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը։ Չենք էլ ուզում պատկերացնել, թե որտեղ ու ինչ իրավիճակում կհայտնվեր պարոն Բաղդասարյանը, եթե վերոհիշյալ «թրքագիտական»  վերլուծության նման  մի տեքստ զետեղեր ֆեյսբուքում,  առավել ևս կուսակցական ժողովների ժամանակ  առարկեր թուրքերի հետ խաղաղության գնալու գործընթաց սկսած, ապա անճարությունից «գրողի ծոցն» ուղարկած Սարգսյանին։ 

  • Կիսվել: