շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Քննչական մարմինները սկսում են փորփրել այն մարդկանց անցյալը, ովքեր քաղաքականապես ակտիվ են, չեն լռում․ Ռուսլան Բաղդասարյանի փաստաբան

Քննչական մարմինները սկսում են փորփրել այն մարդկանց անցյալը, ովքեր քաղաքականապես ակտիվ են, չեն լռում․ Ռուսլան Բաղդասարյանի փաստաբան

  Դավթաշենի վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը շատ հայրենասեր մարդ է և անպայման վերադառնալու է, PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղդասարյանի փաստաբան Հրանտ Անանյանը՝ մեկնաբանելով իր պաշտպանյալի՝ Հայաստանից մեկնելու մասին տեղեկությունները:

Հիշեցնենք՝ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ «առանձնապես խոշոր չափերով յուրացում», 314-րդ հոդվածի՝ «պաշտոնեական կեղծիք» և 325-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ» հատկանիշներով:

Քննիչը Բաղդասարյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան, սակայն դատարանը չբավարարեց միջնորդությունը և նրան 5 մլն գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց: Այժմ Բաղդասարյանը անձնական-առողջական հարցերով մեկնել է Եվրոպա: Անանյանն ասաց, որ իրենք չեն ընդունում մեղադրանքը և այն համարում են անհիմն:

Նաև նշեց, որ իր պաշտպանյալի պնդմամբ, առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդման տարրեր է պարունակում: «Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ քննչական մարմինները սկսում են փորփրել այն մարդկանց անցյալը, ովքեր քաղաքականապես ակտիվ են, չեն լռում և բարձրաձայնում են ներկա իշխանությունների թերությունների մասին: Նման մեղադրանքները քաղաքական տարրեր են պարունակում», -նշեց փաստաբանը:

Նա տեղեկացրեց, որ առաջիկայում գործի են դնելու պաշտպանական բոլոր միջոցները՝ բողոքարկելով կայացված բոլոր որոշումները:

  • Կիսվել: