շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հարուցվել է քրեական գործ ավելի քան 74 մլն դրամ վարկը ոչ նպատակային օգտագործելու փաստով

Հարուցվել է քրեական գործ ավելի քան 74 մլն դրամ վարկը ոչ նպատակային օգտագործելու փաստով

Արցախի Հանրապետության  գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով  բաժնում քննարկվել է ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդումը, որով պարզվել է, որ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2021 թվականի հունիսի 14-ի  որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000  (յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Ա.Բ.-ի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության դատախազությունից` նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ԱՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով (Վարկը ոչ նպատակային օգտագործելը) նախատեսված հանցագործության հատկանիշներ, 2023 թվականի հուլիսի 12-ին հարուցվել է քրեական գործ:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով  բաժինը:

Ծանուցում.   Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: