շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իգոր Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Իգոր Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2022թ. մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից ՀՀ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:

Մինչդատական վարույթում ձեռնարկված քննչական և դատավարական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

Այսպես՝ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան քաղաքի Կիևյան փողոցի 15 հասցեի դիմացի երթևեկելի հատվածը՝ այդ կերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել էին ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն անհնազանդության ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների՝ փողոցն ազատելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջներին, ինչի կապակցությամբ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման էին ենթարկվել: Այդ ընթացքում Իգոր Յուրիի Խաչատուրովը, ակցիայի մեկ այլ մասնակցի հետ, խոչընդոտել էր փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու՝ ՀՀ ոստիկանության տեսուչի գործողություններին, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել՝ բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի և որովայնի հատվածներին, որպիսի գործողությունները կապված են եղել վերջինիս ծառայողական պարտականությունների կատարման հետ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ի.Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Ի.Խաչատուրովի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածով սահմանված կարգով, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

  • Կիսվել: