երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով տնտեսագետի հաստիքը թափուր է. դիմումները կընդունվեն մինչև դեկտեմբերի 8-ը

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով տնտեսագետի հաստիքը թափուր է. դիմումները կընդունվեն մինչև դեկտեմբերի 8-ը

Դատախազությունը հայտարարում է  ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության տնտեսագետի թափուր հաստիքի համալրման գործընթացի մեկնարկի մասին։

Վարչության տնտեսագետը՝

ֆինանսներին առնչվող փաստերի վերաբերյալ տրամադրում է մասնագիտական դիրքորոշում և խորհրդատվություն.

ճշգրտում և վերլուծում է չմշակված տվյալների բազաներ.

տվյալների ճշգրտման նպատակով համագործակցում է բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների հետ.

ֆինանսական հաշվարկների հիման վրա ամփոփում է տվյալները և դրանց վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Վարչության դատախազին (դատախազներին).

մասնակցում է ոլորտին առնչվող ուսումնասիրությունների իրականացման աշխատանքներին:

Վարչության տնտեսագետի թափուր հաստիքի համար կարող են դիմել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

բարձրագույն կրթություն ֆինանսների և (կամ) տնտեսագիտության և (կամ) հաշվապահության ոլորտում և (կամ) աուդիտորի որակավորում.

նշված ոլորտներում առնվազն 5 (հինգ) տարվա աշխատանքային փորձ:

Վարչության տնտեսագետի վարձատրության չափը սահմանված է ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի թիվ 737-Ն որոշմամբ:

Վարչության տնտեսագետի թափուր հաստիքի համար դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում (ձևը լրացվում է տեղում).

բ) անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճենով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճենով).

գ) բարձրագույն կրթությունը և (կամ) համապատասխան որակավորումը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով.

դ) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ պատճենով․

ե) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ (տե՛ս Ծանոթություն 1).

զ) ինքնակենսագրություն (CV).

է) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.

ը) հավակնորդը կարող է ներկայացնել երաշխավորագրեր, որոնք, իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ ընտրության գործընթացում.

թ) մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Դիմումներն ընդունվում են 2023 թվականի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-12:30:

Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության և (կամ) հարցազրույցի անցկացման եղանակով:

Դիմել ցանկացող քաղաքացիները հարցերի դեպքում կարող են դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ.՝ 010-511-605, էլեկտրոնային հասցե՝ [email protected]):

  • Կիսվել: