չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների դեպքում հետեւությունները չեն ուշանա. Օմբուդսմեն

Ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների դեպքում հետեւությունները չեն ուշանա. Օմբուդսմեն

Մեր արագ արձագանքման խմբերը բազմիցս արձանագրել են ոստիկանության խախտումներն ակտիվիստներին բերման ենթարկելու եւ դրան հաջորդած միջոցառումների ժամանակ։ Այս մասին մայիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

Նա պարզաբանեց, որ խախտումները վերաբերում են ե՛ւ ուժի անհամաչափ կիրառմանը, ե՛ւ երեք ժամ կալանքի ժամկետի խախտմանը, ե՛ւ կալանքի ենթարկված քաղաքացիներին հիմքերն ու իրավունքները չներկայացնելուն, ե՛ւ լռության իրավունքի խախտմանը, եւ հարկադիր նույնականացմանը։ «Եղել են դեպքեր, երբ նրանք մտել են քաղաքացիների սոցցանցերի անձնական էջեր՝ փորձելով նույնականացում իրականացնել առանց այդ անձի թույլտվության»,- նշեց Գրիգորյանը։

Նա վստահեցրեց, որ բոլոր դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պարզաբանում է խնդրել իրավապահներից, եւ պատասխաններ ստանալուց հետո հետեւություններ կարվեն։ «Ծանուցումներ են ստացվել, որ ծառայողական քննություններ են սկսվել, նյութեր են նախապատրաստվում նաեւ դատախազությունում։ Մենք շարունակելու ենք հետեւել գործընթացներին։ Եթե ​​պարզվի, որ կան քաղաքական հետապնդման տարրեր, ապա հետեւությունները չեն ուշանա»,- ընդգծեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Նա հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում ինքը կորոշի, թե որ դեպքերում հայտնվել հանրահավաքների անցկացման վայրում։ «Օմբուդսմենի հայտնվելը բողոքի ակցիայի վայրում կարող է թյուր պատկերացում ստեղծել։ Այնուամենայնիվ, մեր ներկայացուցիչները եղել են վայրերում, եւ նրանց միջամտությամբ լուծվել է վրան տեղադրելու հարցըէ»,- հավելեց Գրիգորյանը։

Նա նշեց, որ եղել են նաեւ ցուցարարների կողմից բռնության դեպքեր՝ կոչ անելով ակցիաների կազմակերպիչներին դատապարտել այդ գործողությունները եւ հեռու մնալ դրանցից։

«Ընդհանուր առմամբ,  հասարակության մեջ ագրեսիայի աճ եւ պառակտում է գրանցվում: Դա շատ վտանգավոր է»,- հայտարարեց Օմբուդսմենը։

  • Կիսվել: