շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ադրբեջանը խրախուսում և գովաբանում է հայերի նկատմամբ պատերազմական հանցագործությունները․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանը խրախուսում և գովաբանում է հայերի նկատմամբ պատերազմական հանցագործությունները․ ՀՀ ՄԻՊ

Առաջին զեկույցը հրապարակեցինք սեպտեմբերի 16-ին, ցույց էինք տվել սեպտեմբերի 13-15-ին տեղի ունեցած իրադարձությունները, փաստերը, ներկայացվել էր խոշտանգման, վատ վերաբերմունքի,  անդամահատումների դեպքերը։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացնելով սեպտեմբերի 13-15-ը ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ ՄԻՊ-ի հրապարակած զեկույցները և դրանցում ներկայացված հիմնական շեշտադրումները և արձանագրումները։

«2 օր առաջ հրապարկված մեր զեկույցը արդեն ամբողջական փաստեր էր ներկայացնում։ Ներկայացրել  ենք մարդկանց իրավունքների խախտումներն ու հատկապես կենտրոնացել ենք քաղաքացիական բնակչության թիրախավորման, կենսական ենթակառուցվածքների թիրախավորման, երեխաների իրավունքների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումներին։ Առանձին վերլուծել ենք հայատյացության օրինակերը։ Ըստ համայնքների՝ ներկայացրել ենք քաղաքացիաան անձանց շրջանում մահերը, վիրավորումները, քաղաքացիական ենթակառուցվածքներին, բնապահպանությանը հասցված վնասները»,- Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ տեղեկատվական հարթակում ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը  2020-ի 44-օրյա պատերազմից ի վեր չի փոխվել․ « Տեղեկատվական հարթակում տեսնում ենք նույն հարձակումները՝ ադրբեջանական կողմը սկսած խոշտանգումների տեսանյութերի   մասսայականացման ծավալներից, մինչև կոնկրետ հայատյացության հայտարարությունների  տարածման մասշտաբայնությամբ, շատ  հետևողական քաղաքականություն է վարում»։ 

Գրիգորյանը նշեց նաև, որ ադրբեջանական կազմակերպված խմբերը սոցիալական ցանցերում, այդ թվում՝ Թվիթերում, հարձակում էին սկսում միջազգային այն կառույցների դեմ, որոնք անդրադառնում էին ադրբեջանական ագրեսիային և դատապարտում այն։ Գրիգորյանը նկատեց նաև, որ սեպտեմբերի 13-ին՝ ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիայի մեկնարկից ի վեր, ադրբեջանցի իշխանական պատգամավորները հնչեցնում էին հայկական պետությունը վերացնելու կոչեր։ 

ՄԻՊ-ի խոսքով, դեռ  հուլիս-օգոստոս ամիսներին իրենց փաստահավաք առաքելությունը սահմանամերձ մի շարք համայնքներում՝ Կութ, Նորաբակ, Սոթք  արձանագրել է Ադրբեջանի կողմից գործադրվող հոգեբանական ճնշման, վնասարարության դրվագներ․«Դա ձեռագիր է, հրամանատարական մի կետից կառավարվող գործողությունների շարք։ Գիշերվա ժամերին բնակելի տների պատուհաններին իրենց դիրքերից  ուժեղ լույս էին միացնում, բարձրադիր դիրքերից անիվներ էին այրում, և դրանք  բաց թողնում գյուղերի վրա, բարձրախոսներով սպառնալիքներ էին հնչեցնում իրենց դաշտերում աշխատող խաղաղ բնակիչների նկատմամբ։ Նրանք հող էին նախապատրաստում իրենց ապագա գործողությունների համար»։ 

Գրիգորյանն անդրադարձավ նաև սոցիալական հարթակներում տարածվող հայ ռազմագերիների արտադատական սպանության տեսանյութերին, նաև  կին զինծառայողի մարմնի անարգմանը  և անդամահատմանը․ «Ադրբեջանը խրախուսում  և գովաբանում է  հայերի նկատմամբ պատերազմական հանցագործությունները»։ 

Որպես սրա հաստատում՝ նա նշեց, որ օգոստոս ամսին Ադրբեջանը  ՄԱԿ-ի խտրականության տարբեր ձևերի վերացման կոմիտեին  ներկայացրել  է, որ ռազմական հանցագործությունների վերաբերյալ  թվով 11 քրեական գործ է  հարուցվել․ «Նշվել է, որ  մի քանի մեղադրյալներ կան, նրանք  երկամսյա տնային կալանք էին ստացել ․ պատերազմական  հանցագործության  մեջ ներգրավված անձ ստանում է տնային կալանք,  սա, ուղղակիրորեն անպատժելիության ապացույց է»,- ընդգծեց Գրիգորյանը։  

  • Կիսվել: