երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան

Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան

արդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Գլոբալացվող աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից հրամայականները» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից:
 
Ողջունելով մասնակիցներին՝ Պաշտպանը նշել է նման միջոցառումների անցկացման կարևորությունը, քանի որ ևս մեկ անգամ հնարավորություն է ստեղծվում խոսել մարդու իրավունքների պաշտպանության համակարգում առկա մարտահրավերների մասին։
 
Ցեղասպանության և էթնիկ զտումների կանխարգելումը թեմայով քննարկմանը Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած աշխատանքների մանրամասները:
 
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ անձամբ իր և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։
 
«Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ անմիջապես ներգրավվել եմ բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության գործընթացին։ Անձամբ ես և ՄԻՊ աշխատակազմը մեկնել ենք Գորիս, Կոռնիձոր և Վայք՝ տեղում իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ։ Այդ ընթացքում զրուցել ենք հարյուրավոր անձանց հետ։ Փաստահավաք աշխատանքների ժամանակ հետապնդել ենք երկու նպատակ՝ իրականացնել մշտադիտարկում և բացահայտել Հայաստանի Հանրապետությունում նշված անձանց իրավունքների երաշխավորմանը վերաբերելի խնդիրները։ Հաջորդ կարևոր նպատակն էր բացահայտել խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի զոհ դարձած անձանց և երաշխավորել նրանց իրավունքների պաշտպանության պատշաճ կառուցակարգերի իրացումը։ Ինձ համար մի բան ակնհայտ էր. ադրբեջանական գործողությունների արդյունքում խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները»,- նշել է Պաշտպանը։
 
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում։
 
«Տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով զեկույցը ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Շատ կարևոր է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները խնդիրների լուծման առանցքում ունենան մարդու հիմնարար իրավունքները, քանի որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների նկատմամբ»,- ընդգծել է Ա. Մանասյանը։
 
ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի եվրոպական համալսարանի և Միջազգային կրթական և հետազոտական ալյանսի հետ համատեղ կազմակերպված միջազգային գիտաժողովի նպատակն է նպաստել մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերի և ցեղասպանության ու էթնիկ զտումների հիմնախնդիրների վերհանմանն ու հաղթահարման ուղիների ձևավորմանը: Որպես բանախոսներ հանդես են եկել միջազգային կազմակերպությունների, եվրոպական կրթական ու հետազոտական կառույցների և պետական մարմինների ներկայացուցիչներ, գիտնականներ, ոլորտային փորձագետներ, հետազոտողներ:

  • Կիսվել: