հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
50-ից ավելի գողություններ, խարդախություններ և փաստաթղթրի կեղծում․ 11 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթն ուրղակվել է դատարան

50-ից ավելի գողություններ, խարդախություններ և փաստաթղթրի կեղծում․ 11 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթն ուրղակվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել են հանրապետության տարբեր մարզերում և Երևան քաղաքում կատարված մի քանի տասնյակ գողություններ, խարդախություններ և փաստաթուղթ կեղծելու դեպք:

 

Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է հանցավոր խմբի անդամների ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են քրեաիրավական գնահատականներ:

 

Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի 11 բնակիչներ, որոնցից երկուսը՝ անչափահասներ, 2021 թվականի ընթացքում՝ տարբեր ամիսների և օրերի, միասին, խմբի կազմում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքից, Գեղարքունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի քանի բնակավայրերից, Երևան քաղաքի բնակարաններից և պահեստարան հանդիսացացած շինություններից կատարել են բազմաթիվ՝ շուրջ 50 գողություններ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ բացի մի քանի տասնյակ գողություններ կատարելուց, խմբավորման առանձին անդամներ կատարել են նաև այլ հանցանքներ:

Մասնավորապես՝ խմբի անդամներից երեքը, նախնական համաձայնության գալով ուրիշի ավտոմեքենան հափշտակելու շուրջ, ինքնության բացահայտումը բացառելու, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, կեղծ անձնագիր և կեղծ տվյալներ ներկայացնելով և ձեռք բերելով «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ վստահությունը, իրականությունը խեղաթյուրելով, խարդախությամբ հափշտակել են նշված ավտոմեքենան, այն վաճառել և գումարը բաժանել են միմյանց միջև՝ սեփականատիրոջը չվճարելով ատվոմեքենայի գումարը:

Բացի այդ, խմբի անդամներից մեկը, իր ծանոթի հետ նախնական համաձայնության գալով, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, 2021թ․ընթացքում Վանաձոր քաղաքում ներկայանալով կեղծ տվյալներով, ձեռք է բերել «Օպել Վեկտրա Ա» մակնիշի ավտոմեքենայի փաստացի սեփականատիրոջ վստահությունը, որից հետո խարդախությամբ հափշտակելով նշված ավտոմեքենան՝ հենց նույն օրն ավտոմեքենան ավելի էժան գնով վաճառել են Շիրակի մարզի բնակչին, իսկ գումարը բաժանել են երկուսի միջև՝ ավտոմեքենայի սեփականատիրոջն այդպես էլ գումար չվճարելով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 11 անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով:

 

Երկու անչափահաս անդամների նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողության հանձնելու, իսկ ութ անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցը։ Իսկ հիմնական դերակատարի նկատմամբ, որը նաև անչափահասներին դրդել էր կատարելու տասնյակ գողություններ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է գողոնի մի մասը: Քննության տվյալներով տուժողներին պատճառված վնասը գումարային արժեքով կազմում է շուրջ 6.000.000 ՀՀ դրամ։

 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: