կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
4 մլն բնակչություն ունեցող Խորվաթիայում կա 1700 դատավոր, իսկ Հայաստանում ընդամենը 300 դատավոր. Կարեն Անդրեասյան

4 մլն բնակչություն ունեցող Խորվաթիայում կա 1700 դատավոր, իսկ Հայաստանում ընդամենը 300 դատավոր. Կարեն Անդրեասյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը Կառավարության նիստի ժամանակ խոսեց դատական իշխանության անկախության և դատական համակարգում առկա խնդիրների մասին։ Նա ընդգծեց, որ դատական իշխանությունը և նրա բարձրագույն մարմիններից մեկը՝ ԲԴԽ-ն, իսկապես գործում է անկախ, միաժամանակ, նրանք շարունակում են սերտ համագործակցել օրենսդիր ու գործադիր իշխանությունների հետ:

«Բայց այդ համագործակցությունը չի նշանակում կոնկրետ գործերով դատական իշխանության վրա որեւէ ազդեցություն: Դատական իշխանությունն ամենալուռ ու ամենաքարկոծված իշխանության թևերից մեկն է: Որոշ դեպքերում իսկապես մեղավոր, բայց ոչ միակ մեղավորը: Ուրախ եմ, որ հակակոռուպցիոն զեկույցի համաթվի ներկայացման ժամանակ խնդիրների 70 տոկոսն արդեն դատական իշխանության հետ չեն կապված»,-ասաց նա:

ԲԴԽ նախագահը նկատեց, որ եթե ժամանակին դատական իշխանության մասին խոսվում էր կաշառքների, սակագների, բացառապես մեծ համատարած կոռուպցիոն երեւույթների մասին,  հեղափոխությունից հետո արդեն ինչ-որ շրջան կար խոսակցություն, որ դատական իշխանությունն անկախ է օրենսդիր ու գործադիր իշխանությունից, բայց անկախ չէ իր նախկին որոշ կապերից, հիմա արդեն խոսում են դատական գործերի ձգձգումներից, ուշացումներից, որոնք իսկապես արդարացում չունեն:

«Մենք հիմա փորձում ենք կարգապահական վարույթներով վեր հանել այն բոլոր սուբյեկտիվ դրսևորումները, երբ դատավորի մեղքի պատճառով եղել են ձգձգումներ, ուշացումներ»,-ասաց Անդրեասյանը:

ԲԴԽ նախագահը, սակայն, նշեց, որ դատական գործերի ձգձգումները ունեն նաև օբյեկտիվ պատճառ՝ Հայաստանում դատավորների թիվը սահմանափակ է։

«Օրինակ 4 միլիոն բնակչություն ունեցող Խորվաթիայում կա 1700 դատավոր, իսկ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում ընդամենը 300 դատավոր: Չեմ խոսում նրանց սոցիալական վիճակից, աշխատավարձերից, որովհետև դա կընկալվի որպես արդարացում»,- ասաց Անդրեասյանը։

Միևնույն ժամանակ, ԲԴԽ նախագահն ընդգծեց, որ գործադիր և օրենսդիր իշխանության հետ արդեն դեկտեմբերին մշակվել են լուրջ բարեփոխման օրենսդրական փաթեթներ։

«Գործընթացը շարունակվում է, և հույս ունենք, որ համաթվի և մնացած բոլոր խնդիրների լուծման համար դատական համակարգին գործադիր և օրենսդիր իշխանության աջակցությունը չի դադարի, և ապրիլին կներկայացնենք ավելի մանրակրկիտ զեկույց, թե ինչ ենք շտկել վերջին վեց ամիսներին ընթացքում, ինչ արդյունքներ ունենք, ինչի կարիք ունենք»,- եզրափակեց Անդրեասյանը։

  • Կիսվել: