չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
2020 թվականի պետական բյուջեն շարունակում է նախկին կառավարման տարիների իներցիան. Մարուքյան

2020 թվականի պետական բյուջեն շարունակում է նախկին կառավարման տարիների իներցիան. Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննադատել է 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը այն համարել նախկին կառավարման տարիների իներցիայի շարունակություն:

«ՀՀ 2020թ․ պետական բյուջեի նախագծով համաչափ տարածքային զարգացման տրամաբանություն չկա և այն շարունակում է նախկին կառավարման տարիների իներցիան։ Մեր կողմից բազմիցս բարձրաձայնված տարածքային համաչափ զարգացման խնդիրն այս բյուջեով այդպես էլ մնում է չլուծված, ինչպես որ արմատական վերափոխման չի ենթարկվում այս ոլորտում կառավարության քաղաքականությունը։ Դրա հետևանքով Հայաստանը շարունակում է մնալ մայրաքաղաք-պետություն կամ շերեփուկ, որի անհամաչափ մեծ գլուխը Երևանն է, իսկ փոքրիկ մասը միայն՝ մարզերը։ Դրանք շարունակում են մնալ մոռացված, ամեն բանը դեռևս կենտրոնացած է մայրաքաղաքում, այդպիսով՝ էական դրական փոփոխություններ մարզային համայնքներում տեղի չեն ունենում։ Այդտեղից աշխատանքի, որակյալ կրթության, առողջապահական և այլ նպատակներով՝ բնակիչները տեղափոխվում են Երևան կամ առհասարակ արտագաղթում են։ Մարզային դպրոցների, պոլիկլինիկաների և այլ հաստատությունների խիստ թերի ֆինանսավորումը՝ մայրաքաղաքի համեմատ, բերելու է այս իրավիճակի միայն խորացման, ինչի դեմն առնելու ժամանակը որքան երկարաձգենք, այնքան ավելի բարդ է լինելու լուծումը։ Քանի դեռ կյանքի որակը մարզերում իջնում է, մայրաքաղաքն էլ շարունակաբար գերբեռնվում է, և այս հանգամանքներից յուրաքանչյուրն իր հետ բերում է համապատասխան բացասական հետևանքները։ «Լուսավոր Հայաստան»-ի թվով 151 առաջարկությունների ընդունման արդյունքում կից ներկայացված ՀՀ համայնքներին և Երևան քաղաքին տրամադրվող դոտացիաների սարսափելի անարդար անհամաչափ բաշխումը կարող է վերափոխվել: Կոչ եմ անում կառավարությանը արմատապես վերանայել այս ոլորտի քաղաքականությունը, քանի դեռ չափազանց ուշ չէ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարուքյանը։

Նկատենք, որ 2020-ի պետական բյուջեին դեմ քվեարկելու մասին առայժմ հայտարարել է միայն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը դեռևս հայտնի չէ:

  • Կիսվել: