հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Զոհրաբ Մնացականյանը՝ ՀՀ-ում բացվելիք դեսպանատների մասին

Զոհրաբ Մնացականյանը՝ ՀՀ-ում բացվելիք դեսպանատների մասին

Այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ազգային Ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումների ժամանակ պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին:

Այսպես՝ Սոս Ավետիսյանը հետաքրքրվեց, թե Իսրայելի, Եթովպիայի, Կատարի դեսպանությունների բացման ինչպիսի՞ ժամանակացույց ունենք՝ պայմանավորված վիրուսով: Նա հարցրեց նաև Նիդերլանդների, Շվեդիայի, Սերբիայի՝ ՀՀ-ում բացվելիք դեսպանատների մասին՝ ցանկանալով իմանալ, թե կորոնավիրուսով պայմանավորված՝ հայտնի՞ է արդյոք ժամանակացույցը, թե՞ ոչ:

Որպես երկրորդ հարց պատգամավորը նշեց, որ, բացի Չինաստանի հետ համագործակցելուց դեղորայքի և կարևոր ապրանքների ներկրման առումով, կան երկրներ, որոնք հիմա ավելի հետազոտական ջանք են թափում, կորոնավիրուսի պատվաստանյութի շուրջ են մտածում: Նա հարցրեց, թե մեր արտաքին քաղաքականությունն այս երկրների հետ կապի առումով և հնարավոր առաջընթացների պարագայում, եթե նման զարգացում լինի, որքանո՞վ ենք մենք կարողանալու առաջ ընկնել և ստանալ անհրաժեշտ պարագաները, որ նույնպես մեր անվտանգության, ինչպես նաև փոխօգնության սկզբունքի կարևորագույն բաղադրիչն են:   

Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով պատգամավորի հարցերին, ասաց. ՛՛Ինչ վերաբերում է առաջին հարցին, կորոնավիրուսի դեմ պայքարում ես իրապես շատ բարձր եմ գնահատում մեր արտաքին գերատեսչության բոլոր ներկայացուցիչների աշխատանքը, մեր դեսպանների, դեսպանությունների, որոնք աշխատում են շատ ծանր պայմաններում՝ հաշվի առնելով, որ ուղղակի անսովոր իրավիճակ է, և յուրաքանչյուրն իր տեղում ապահովել է կոնկրետ գործառույթ, լինի դա քաղաքացիների տեղափոխման հարց, բեռների տեղափոխման կազմակերպման հարց, կառավարությունների հետ երկխոսություն ապահովելու, գտնելու այն ձևաչափերը, ինչպես մենք կարող ենք իրականացնել մարդկանց տեղափոխման կազմակերպման և տարբեր միջոցառումների գործառույթներ, որոնք ուղղված են առողջապահական կարողություններն ամրապնդելուն, նյութական, ֆինանսական տարբեր այլ ձևերով: 

Միջազգային կառույցներում աշխատանքը շարունակում է շատ ակտիվ, չնայած պետք է ընդունենք, որ բնականոն աշխատանքը բոլոր դեպքերում խափանված է: Սակայն նույնիսկ այս սահմանափակումների պայմաններում բոլոր միջազգային կառույցներում իրականացվում է աշխատանք, ընդունվում են բանաձևեր, իրականացվում են տարբեր խորհրդակցություններ՝ միջազգային համագործակցությունն ամրապնդելու առումով, ոչ միայն կորոնավիրուսի, այլև ավելի լայն՝ ընդհանուր միջազգային օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Այնտեղ, որտեղ հնարավոր է, աշխատանքը շարունակվում է: Ծավալն իսկապես շատ մեծ է, դա, բնականաբար, կարտահայտվի ավելի համապարփակ և մանրամասն ներկայացմամբ: Եվ յուրաքանչյուրի գործը, ես հիմա ընդհանուր եմ ասում, բայց անձամբ շատ բարձր եմ գնահատում, որովհետև մեր գործընկերները հսկայական ծավալի աշխատանք են կատարել, ընդգծված կարևորություն է տալիս այն խիստ համակարգվածությանը և շատ արդյունավետ աշխատանքին այստեղ՝ Երևանում՝ Կառավարության տարբեր մարմինների, պարետատան և բոլոր մյուս կառույցների միջև: Ուղղակի շատ արագ, օպերատիվ աշխատանք է տարվում, որոշումներ են ընդունվում, իրականացվում է շատ հստակ համակարգված աշխատանք, որը տալիս է իր արդյունքները:

Ինչ վերաբերում է տարբեր երկրներին և միջազգային կառույցներին, Դուք անդրադարձաք Չինաստանին: Չինաստանն, այո՛, այդ երկրներից մեկն է, որտեղ մենք շատ արագ կարողացել ենք ապահովել անհրաժեշտ պարագաների գնում և տեղափոխում: Մենք նաև շատ բարձր ենք գնահատում Չինաստանի իշխանությունների կողմից տրամադրված օգնությունը. մի մասը եղել է նվիրատվություն իրենց կողմից: 

Երկրները շատ ավելին են: Շատ զգույշ պետք է լինեմ, որովհետև այնքան շատ են երկրները, և որևէ մեկին բաց թողնելն ուղղակի անմարդկային կլինի: Շատ են այն երկրները, որոնք շատ օգտակար են եղել և աշխատել են մեզ հետ: Նշեմ  նաև միջազգային կառույցները, որոնք օգտակար են եղել՝ որպես օպերատորներ կազմակերպելով բեռի հավաքը և տեղափոխումը Հայաստան: Դա ՄԱԿ տարբեր կառույցներ են, Պարենի համաշխարհային ծրագիրը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և այլն:

Ներկայացնելու դեպքում պետք է ամբողջը նշեմ, չեմ ցանկանա ընտրովի ներկայացնեմ, քանի որ անարդար կլինի յուրաքանչյուրի հանդեպ, ով շատ օգտակար է եղել. Միացյալ Նահանգներից մինչև Չինաստան, ԵՄ-ից մինչև ՌԴ, Մերձավոր Արևելքի մեր գործընկերները, Հնդկաստանը, Ճապոնիան և այլն: Շատ են երկրները, որոնց հետ համագործակցությունը եղել է շատ սերտ՛՛:

Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին և քայլերին՝ կապված դեղամիջոցի ստեղծման հետ, ըստ նախարարի, սա մի հարց է, որը հիմա ընթանում է, միջազգային կառույցներում քննարկման առարկա է: Նա նշեց, որ սա մի հարց է, որը հիմա է տեղի ունենում. վակցինան դեռ չկա, և այս պահին դեռևս շատ բան չկա ասելու:

Խոսելով դեսպանությունների մասին՝ Մնացականյանն ասաց, որ բոլոր նախադրյալներն արդեն դրված են, ամեն ինչ արդեն աշխատում է, իրականանում է: Շվեդիայի դեսպանությունը Հայաստանում գործում է, իրենք սպասում են արդեն մշտական հիմունքներով դեսպանին: ՛՛Նիդերլանդների, Սերբիայի առումով էլ է նույնը: Իրենք արդեն որպես միավորներ գործում են, դեսպանների նշանակումներն ընթացքի մեջ են: Մենք ևս նույն վիճակում ենք. ունենք դեսպաններ, որոնք չեն կարողանում հասնել իրենց նստավայրը, որպեսզի շարունակեն կամ սկսեն աշխատանքը: Այս առումով կորոնավիրուսն իր ազդեցությունը թողնում է, լուրջ սահմանափակումներ կան: Բայց սա է իրադրությունը, պետք է սպասենք և շարունակենք աշխատանքները:

Այդ առումով նկատած կլինեք, որ տարբեր երկրներ, այդ թվում մենք, բավական ակտիվ իրականացնում ենք, այսպես ասած, հեռախոսային դիվանագիտություն և բավական ակտիվ կապի մեջ ենք թե՛ նախարարների մակարդակով, թե՛ այլ մակարդակներով՛՛,-ասաց նախարարը: 

Նրա խոսքով՝ դեսպանություններից  ստացվող և Հայաստանից ուղարկվող փաստաթղթերի ծավալն առանձնապես չի նվազել. մեր դեսպանությունները շարունակում են աշխատել իրենց տեղերում, յուրաքանչյուր հնարավորություն օգտագործվում է՝ հեռախոսակապ, տեսակապ: Սահմանափակումներ կան, նորմալ բնականոն աշխատանք չէ, սակայն պետք է պահպանել տեմպ, օրակարգ և անդրադառնալ բազմաթիվ հարցերի, որոնք մեր առջև են, այն պայմաններում, երբ բոլորս սպասում ենք բնականոն աշխատանքի քիչ թե շատ վերականգնմանը:

 

  • Կիսվել: