հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Զոհրաբ Մնացականյանի արձագանքը Չավուշօղլուին փիլիսոփայական էր ու դիվանագիտական, Թուրքիայում կհասկանան. Սուրեն Սարգսյան

Զոհրաբ Մնացականյանի արձագանքը Չավուշօղլուին փիլիսոփայական էր ու դիվանագիտական, Թուրքիայում կհասկանան. Սուրեն Սարգսյան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը առաջին անգամը չէ, ինչը բնական է, քանի որ Թուրքիան ձգտում է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով օրերս համանախագահների Անկարա կատարած այցը:

Ըստ Սարգսյանի, Թուրքիայի նմանատիպ փորձերին Հայաստանը մշտապես կոշտ ու կտրուկ արձագանք է տվել: Այդուհանդերձ, այս անգամ, նրա խոսքով, Թուրքիայի այս քայլը պայմանավորված չէ բացառապես ղարաբաղյան բանակցությունների գործընթացով, այլ սիրիական ճակատում կատարվող պրոցեսներով, ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությամբ:

«Ռուս-թուրքական հարաբերությունները Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնի վրա բավականին լարված են, նույնիսկ երկկողմ մեղադրանքներ են հնչում միմյանց վրա կրակելու ու միմյանց նկատմամբ ուժ կիրառելու մասին: Բացի այդ, ակնհայտ է, որ Թուքիան շարունակում է իր շանտաժային քաղաքականությունը, որպեսզի ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից որոշ աջակցություն ստանա և դրա համար էլ բացել է սահմանը Հունաստանի հետ փախստականների համար, և 100 հազարավոր փախստականներ փորձում են ներթափանցել Հունաստան: Սա (ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Թուրքիայի ԱԳՆ հանդիպումը-խմբ.) այդ շանտաժի քաղաքականության շարունակությունն է. աջակցություն չստանալով Բրյուսելում, Մոսկվայում, Վաշինգթոնում, Թուրքիան փորձում է ցույց տալ, որ տարածաշրջանում այլ պրոցեսների վրա կարող է ազդեցություն ունենալ, ընդ որում՝ խանգարող ազդեցություն»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

Այդուհանդերձ, ըստ քաղաքագետի, չնայած նրան, որ Թուրքիան շարունակում է վարել իր շանտաժային քաղաքականությունը այս դեպքում փորձելով Ռուսաստանին ցույց տալ, թե ունի բոլոր հնարավորությունները տարածաշրջանում ազդել ինչ-ինչ գործընթացների վրա, բայց միևնույն է, նա միայնակ է մնացել իր «նախաձեռնություններում ու արկածախնդրություններում»:

Հարցին, թե կարո՞ղ է այս քայլը հանգեցնել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխության՝ հօգուտ Թուրքիայի, Սարգսյանը պատասխանել, որ այդ փոփոխությունը կարող է տեղի ունենալ բացառապես բանակցային կողմերի համաձայնությամբ և հավելեց.

«Ես չեմ կարծում, որ կողմերից մեկը՝ այսինքն՝ Հայաստանը համաձայնություն կտա, որպեսզի ձևաչափի որևէ փոփոխություն լինի, այն էլ այնպիսի կողմնակալ խաղացողի կողմից, ինչպիսին Թուրքիան է»:

Հետաքրքրվեցին, թե արդյոք համարժեք էր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի արձագանքը Անկարայի այդ հանդիպմանը, Սարգսյանը արձագանքեց.

«Նախարարի ասածը բավականին փիլիսոփայական էր ու դիվանագիտական: Օգտվելով աստվածաշնչի տված հնարավորություններից, նա ասել էր, որ Թուրքիան առաջին հերթին իր առջև դրչված խնդիրները պետք է կարգավորի և հետո փորձի քիթը խոթել այլ պետությունների հարաբերությունների, մասնավորապես՝ Արցախի խնդրի մեջ: Այնպես որ կարծում եմ՝ Թուրքիայում այս գնահատականը կհասկացվի»:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարարը աստվածաշնչյան խոսքերով էր արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և կառույցի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը.

«Համանախագահներին ուղղված՝ Մևլութ Չավուշօղլուի խորհուրդները ստիպում են հիշել Ղուկասի ավետարանի 4:23 խոսքերը. «Բժի՛շկ, քո անձը բժշկիր»: Իր հերթին ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էլ այս առնչությամբ նշել է․ «Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ»։

Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի օրերս հանդիվեցին Անկարայում։ Ըստ թուրքակամ մամուլի այդ հանդիպման ժամանակ քննարկվել է արցախյան հիմնահարցը։ Չավուշօղլուն մասնավորապես դարձյալ պնդել է, որ արցախյան հիմնահարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային անբողջականության սկզբունքի ներքո, և ՄԽ-ն պետք է ակտիվացնի իր ջանքերը այդ ուղղությամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: