Արձանագրվել է բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Մեքսիկայի միջև ձևավորված դրական համագործակցությունը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Մեքսիկայի ԱԳ նախարարի՝ բազմակողմ հարաբերությունների և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Էնրիկե Խավիեր Օչոա Մարտինեսի հետ քննարկել է Հայաստան-Մեքսիկա երկկողմ օրակարգային հարցեր՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության խթանման հեռանկարներին:
«Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Մեքսիկայի միջև ձևավորված դրական համագործակցությունը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ընդլայնել փոխգործակցության շրջանակը:
Մտքեր են փոխանակվել «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ տարվող աշխատանքներին:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերին:
Գործընկերոջ խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի ստորագրման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: