«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի պատվիրակությունը Գերմանիայում ուսումնասիրում է նորարարական գյուղատնտեսության փորձը
«Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում Գերմանիայում գտնվող պատվիրակությունը շարունակում է մասնագիտական վերապատրաստման և փորձի փոխանակման իր հագեցած այցը՝ վերադառնալու նոր գիտելիքներով և մեթոդներով զինված:
«Հունիսի 24-ին մասնակիցները ծանոթացան Թրիսդորֆ-Տեխնիկական և Գյուղատնտեսական մասնագիտական դպրոցի կառուցվածքին, ծրագրերին ու Գերմանիայի կրթական համակարգին։ Շարունակելով նորարարական կրթական մոտեցումների ուսումնասիրությունը՝ նրանք այցելեցին Digital Agribusiness-ի Թվային գյուղատնտեսության կենտրոն (KoDA), որտեղ ներկայացվեցին կենտրոնի գործունեությունը, լաբորատորիաներն ու ագրոդրոնների կիրառման գործնական հարթակը։ Օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը բաժանվեց երկու խմբի՝ գործնական պարապմունքների մասնակցելու նպատակով։ Մի խումբը հետևեց դաշտային մշակաբույսերի, իսկ մյուս խումբը՝ կենդանաբուծության և խոզաբուծության ուսումնական դասերին մասնագիտական քոլեջի ուսանողների հետ։
Հունիսի 25-ին մասնակիցերը ծանոթացան էլեկտրոնային ուսուցման և գնահատման նորագույն մեթոդներին՝ ներկայացված Triesdorf-ի Ագրո-կրթական կենտրոնի կողմից։ Ներկայացվեցին նաև «Կենդանաբուծություն» և «Բուսաբուծություն» առարկաների դասավանդման նյութեր, քննարկվեցին դրանց տեղայնացման հնարավորությունները Հայաստանի մասնագիտական դպրոցների համար։ Պատվիրակությունն այցելեց նաև կենդանաբուծական ֆերմաներ, ինչպես նաև Muessighof կաթնամթերքի ֆերմա, որտեղ ներկայացվեց կաթի արտադրության և վերամշակման ամբողջական ցիկլը։ Օրը եզրափակվեց մշակութային ծրագրով։
Հունիսի 26-ին այցերի հիմնական թեման գործնական կողմնորոշմամբ գյուղատնտեսական կրթությունն էր՝ համալսարանի, քոլեջների և արտադրական տնտեսությունների համագործակցության օրինակների ներկայացմամբ։ Պատվիրակության անդամները այցելեցին մի շարք ֆերմաներ՝ տեսնելով արդյունաբերության մասնակցությունը ուսումնական գործընթացին։ Այցի վերջում պատվիրակությունն ուղևորվեց Վյուրձբուրգ՝ քաղաքի պատմական կենտրոնում մասնակցելու գիդի ուղեկցությամբ շրջայցի, ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված Վյուրձբուրգի պալատը։
Այս այցը կարևոր ներդրում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի որակն ապահովելու ճանապարհին, քանի որ ուսուցիչները, վերադառնալով Հայաստան, իրենց գիտելիքներով կհարստացնեն դասավանդման պրակտիկան՝ ի նպաստ «Հորիզոններ»-ի սովորող-շահառուների, համայնքային ընտանիքների զարգացման և գյուղատնտեսության նորարարական վերափոխման»,- տեղեկանում ենք տարածված հաղորդագրությունից։