Թուրքիայում քննարկվում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներսում լուրջ խմորումներ են։ Կուսակցության վարկանիշի անկման ֆոնին անդամները քննարկում են նախագահական կառավարման համակարգի վերանայման տարբերակներ։ Դրանց թվում են գործող համակարգի փոփոխությունը, նախագահի լիազորությունների վերաձևումը և խորհրդարանական կառավարման համակարգին վերադառնալու հնարավորությունը։
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի համաձայն՝ կուսակցական կուլիսներում քննարկվում են երկու առանցքային սցենար, ինչպես նաև 2027 թ. մայիսին արտահերթ ընտրությունների գնալու հավանականությունը։
Քննարկվող տարբերակներից մեկի համաձայն՝ հնարավոր է պահպանել նախագահական կառավարման համակարգը, սակայն վերանայել դրա գործելակերպն ու ընտրական մեխանիզմները, որպեսզի Էրդողանի կուսակցությունն այլևս կախված չլինի փոքր կուսակցությունների հետ դաշինքներ կազմելուց։ Այս մոտեցումը կուսակցության ներսում բնութագրվում է որպես համակարգի «մեղմացում»։
Մյուս տարբերակը ենթադրում է վերադարձ խորհրդարանական կառավարման համակարգին։ Ըստ այդ սցենարի՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 7 տարի, վերականգնվել վարչապետի պաշտոնը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է շարունակել պաշտոնավարել՝ կուսակցություններից վեր դիրքում։
ԱԶԿ-ի որոշ ներկայացուցիչների կարծիքով՝ Թուրքիան արդեն փաստացի մտել է նախընտրական փուլ, և քաղաքական ուժերը համապատասխանաբար նախապատրաստվում են։
Ըստ կուսակցական շրջանակներում շրջանառվող գնահատականների՝ հնարավոր է 2027 թ. մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։
Այնուամենայնիվ, կառավարման համակարգի փոփոխության և ընտրությունների ժամկետի վերաբերյալ կուսակցության ներսում դեռևս վերջնական համաձայնություն կամ հստակ որոշում չկա։
Ermenihaber



