Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան
Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հաղթողը լինելու է ժողովուրդը, քանի որ հենց քաղաքացիներն են որոշելու երկրի հետագա քաղաքական ուղղությունը։
Երևանի Կենտրոն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակում ունեցած ելույթում արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետն ընդգծել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում իշխանությունը վերադարձվել է ժողովրդին։
Նրա խոսքով՝ նախկինում երկրում ձևավորված էր համակարգ, որտեղ առանձին անհատներ և խմբեր ունեին որոշումներ կայացնելու գերիշխող դեր, մինչդեռ այժմ ընտրությունների արդյունքը որոշող միակ գործոնը քաղաքացիների կամքն է։
«Այսօր ամենաառանցքային գործոնը հետևյալն է. հիմա ընտրությունների ենք մոտենում, և ո՞վ է որոշում ընտրությունների ելքը։ Չկա համակարգ, չկա անհատ կամ անհատների նեղ խումբ, որ կարող է իրեն իրավունք վերապահել որոշում կայացնել։ Այսօր քաղաքական ուժերը մարդկանց հետ անմիջական հաղորդակցության միջոցով են փորձում իրենց ասելիքը տեղ հասցնել»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ընտրությունները ոչ միայն քաղաքական, այլև բովանդակային և էմոցիոնալ գործընթաց են, քանի որ քաղաքացին պետք է ընդունի քաղաքական ուժի առաջարկած ուղերձը և կապ հաստատի դրա հետ։
Փաշինյանը նշել է, որ ընտրությունների շրջանում յուրաքանչյուր քաղաքացու իշխանությունը հասնում է իր գագաթնակետին։
«Պայմանական 3 միլիոն վարչապետները առաջիկա ընտրություններում գնալու են ու որոշեն, թե առաջիկա 5 տարիներին ով է այն մեկը և այն քաղաքական թիմը, որ անելու է այն աշխատանքը, որը իրենք ուզում են»,- ասել է նա։
Նրա գնահատմամբ՝ անկախ այն հանգամանքից, թե քաղաքական ուժերից յուրաքանչյուրը որքան ձայն կստանա, ընտրությունների արդյունքում հաղթողը լինելու է ժողովուրդը։
«Ժողովուրդն է լինելու հաղթողը այս ընտրությունների արդյունքում, որովհետև ժողովրդի իշխանությունն է հաստատվելու»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը նաև նշել է, որ փոխվել են այն ժամանակները, երբ իշխանությունը դիտվում էր որպես ժողովրդի նկատմամբ գերակայող ուժ։
«Այսօր ժողովուրդը տերն է, իշխանությունը՝ ծառան։ Եվ ծառա լինելը ամենևին էլ նսեմացնող կամ նվաստացուցիչ չէ, ընդհակառակը՝ մեծ պատիվ է»,- ասել է նա։


