շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ժողովուրդ»․ Առերեսում Սեյրան Օհանյանի և մեկ այլ անձի միջև․ ի՞նչ է ասել վերջինս

«Ժողովուրդ»․ Առերեսում Սեյրան Օհանյանի և մեկ այլ անձի միջև․ ի՞նչ է ասել վերջինս

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին երկու անգամ կանչել են հարցաքննության քրեական գործի շրջանակներում, որով վերջինս մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար. խոսքն ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում կատարելու մասին է։ Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում նաեւ առերեսում է տեղի ունեցել մի անձի հետ, ում ինքնությունը, սակայն, չհաջողվեց պարզել: Մենք տեղեկացանք, սակայն, որ առերեսման ժամանակ երկու կողմերն էլ մնացել են իրենց կարծիքին եւ պնդել են իրենց տեսակետը: Սակայն հետաքրքիր է, որ այն անձը, ում հետ տեղի է ունեցել առերեսումը, չի պնդել, թե Սեյրան Օհանյանը վատնում կամ յուրացում է արել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանից, սակայն վերջինս ընդամենը նշեց, թե մեղադրանքն անհիմն է՝ այլ բան չցանկանալով մեկնաբանել: Նշենք, որ սա երկրորդ քրեական գործն է. Օհանյանը մեղադրվում է նաեւ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար: Եվ նկատենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի ընդունում նաեւ իրեն առաջադրված այս մեղադրանքը: Ստացվում է՝ նախկին նախարարի դեմ այս պահին առկա է հարուցված երկու քրեական գործ, սակայն նա երկուսն էլ չի ընդունում, իսկ գործընթացները շարունակվում են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: