կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը իրականացվում է առկա ընթացակարգերի խախտմամբ. «Հայաստան» դաշինք

Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը իրականացվում է առկա ընթացակարգերի խախտմամբ. «Հայաստան» դաշինք

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը օրինական շարժում է, որը պաշտպանելու է ՀՀ քաղաքացիների և ՀՀ շահերը, և մենք մեր աջակցությամբ պետք է այն անշրջելի դարձնենք. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Օհանյանը պնդեց, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացն ընթացակարգերի խախտմամբ է իրականացվում և միակողմանի զիջում է։

«Եթե կա հակամարտություն և ձգտում ենք խաղաղության, ապա դրանք երկկողմ պետք է լինեն։ Պետք է սահմանվեն համապատասխան ընթացակարգեր և հետևեն դրանց։ Այսինքն՝ լինի երկու երկրների միջև համաձայնագիր, քարտեզները ճշգրտվեն, դրանից հետո նոր սահմանագծման գործընթացն իրականացվի։ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրականացվող գործընթացները հատվածական են և չեն համապատասխանում իրականությանը. այս ամենը հետևից են սկսում իրականացնել»,-ասաց նա։

Սեյրան Օհանյանը նշեց, որ գործընթացները ցույց են տալիս՝ Ադրբեջանն իրականացնում է  այն, ինչ իր շահերից է բխում։ «Մի դեպքում Տավուշի հատվածում ինքը պարտադրում է սահմանազատում, ինքը կարող է հղում կատարել քարտեզներին, Ալմաթիի պայմանագրին, իսկ մյուս դեպքում, ինչը ձեռնտու չի, չի համաձայնվում դրան»,-ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն անհրաժեշտություն է, բայց վաղաժամկետ է՝ հաշվի առնելով նրա հռետորաբանությունը, իրականացված սադրանքները և ցեղասպանությունը, որ կատարել է Արցախի նկատմամբ։

  • Կիսվել: