երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ժառանգությունը» միանում է Արցախում մեկնարկած ժողովրդական շարժմանը. հայտարարություն

«Ժառանգությունը» միանում է Արցախում մեկնարկած ժողովրդական շարժմանը. հայտարարություն

«Ժառանգություն» կուսակցությունը՝ որպես հայ ժողովրդի հավատարիմ մասնիկ, որոշել է քաղաքացիական և կամավորական ամենօրյա գործունեությունից զատ, իր համար բացառիկ՝ կուսակցական-հրապարակային հայտարարությամբ ողջունել Արցախի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկած համաժողովրդական շարժումը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգությունը»:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է. «Ժառանգությունը» ընդունում է շարժման էությունն ու բովանդակությունը, ժամանակի ընտրությունն ու ընթացակարգի հրամայականը և իր ողջ կարողականությունը՝ քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական, վերլուծական և մարդկային, ի սպաս է դնում այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բացված համազգային գործընթացին։

«Ժառանգությունը» միանում է։

Նշենք, որ Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Հանրահավաքին մասնակցում է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել տեսաուղերձով եւ հայտարարել, որ միանում է շարժմանը:

Այսօր հանրհավաքի մասնակիցները երթով գնացել են ԿԽՄԿ գրասենյակ եւ ռուս խաղաղապահների նստավայր: Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:

  • Կիսվել: