Մենք համագործակցելու ենք բոլոր ընդդիմադիր ուժերի հետ. «Ժառանգություն» կուսակցության թեկնածու
Ինձ թվում է՝ մասնակցությունը կլինի բավականին լավ, մենք մեր ընտրարշավի ժամանակ էլ հորդորել ենք ժողովրդին, որպեսզի մասնակցեն ընտրությանը և իրենց ձայնը չկորցնեն, որ իրենց իրավունքները կարողանան պաշտպանել։ Այս մասին այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վաղարշապատի ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Փայտյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Մենք համագործակցելու ենք բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, ընտրությունից հետո պարզ կլինի՝ ինչ պայմաններով։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի և, առաջ Աստված, հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի:
Մեր ծրագիրը կազմել ենք «Ժառանգություն» կուսակցության հետ միասին, և այնտեղ շատ կետեր կան, որոնք ժողովրդի մեջ այսօր պահանջված են, և ընդունվել են մեր համակիրների կողմից։ Ծրագրի հիմնական նպատակը Վաղարշապատ խոշորացված համայնքի բարեկեցությունը, զարգացումը և հետագա ընթացքները պահելն է»:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:
Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
«Համահայկական ճակատ» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«ՔՊ» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն
Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։


