ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Զանգեզուրի միջանցքի» թեմա չի կարող լինել. Արարատ Միրզոյանը խոսեց ԻԻՀ ԱԳ նախարարի հետ քննարկված թեմաների մասին

«Զանգեզուրի միջանցքի» թեմա չի կարող լինել. Արարատ Միրզոյանը խոսեց ԻԻՀ ԱԳ նախարարի հետ քննարկված թեմաների մասին

«Զանգեզուրի միջանցքի» թեմա չկա և չի կարող լինել, ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա անդրադարձավ Իրան կատարած այցի մանրամասներին։ Նա նշեց, որ այս այցը շատ լավ առիթ էր՝ քննարկելու երկկողմ հարաբերություններում առկա բոլոր հարցերը, խոսակցություն ծավալելու իրականացվող ու իրականացվելիք ծրագրերի շուրջ։

«Կարող եմ թվարկել այդ ծրագրերը՝ դա և նոր բարձրավոլտի կառուցման ծրագիրն է, և գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակման մեր ծրագրի ժամկետի ընդլայնման վերաբերյալ պայմանագրի կնքումը, և Մեղրու ՀԷԿ-ի վերաբերյալ բանակցությունը, տրանսպորտային ուղիների հետ կապված լուրջ ծրագրեր ենք քննարկել, նաև այդ թվում՝ իրանական ընկերությունների ներգրավմամբ ենթակառուցվածքների զարգացման։

Բայց ուզում եմ ասել, որ այս այցը և մեր խոսակցությունը վերաբերել է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլ նաև տարածաշրջանային նշանակություն է ունեցել և շատ կոնկրետ համատեքստ։ Ես ուզում եմ կրկին ողջունել ԻԻՀ դիրքորոշումը մեր սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ և ընդհանրապես այն բոլոր դրական ազդակները, որոնք մենք ստանում ենք այս առնչությամբ։ Անշուշտ խոսել ենք նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Այսինքն՝ ըստ էության այդ խոսակցության բացակայության վերաբերյալ։ Մենք փաստել ենք, որ չկա այդպիսի թեմա և չի կարող լինել այդպիսի թեմա»,- ասաց նա։

Ըստ Արարատ Միրզոյանի՝ Իրանը տարածաշրջանում գլոբալ դերակատարում ունի։ Քննարկվում է նաև Պարսից ծոց-Սև ծով միջանցքի վերաբերյալ թեման։ «Այստեղ մեծ հետաքրքրություն ունի նաև Հնդկաստանը։ Առաջ ընկնելով ասեմ՝ օրեր անց մենք այստեղ կհյուրընկալենք նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարարին։ Մեծ տարածաշրջանային տնտեսական և ոչ միայն թեմաների համատեքստ կա։ Եվ այստեղ մեր և Իրանի պատկերացումները մեծապես համընկնում են»,- ասաց ԱԳ նախարարը։

  • Կիսվել: