կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վստահ եմ՝ Ադրբեջանը չի վավերացնի այս արձանագրությունը, բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք․ Արծվիկ Մինասյան

Վստահ եմ՝ Ադրբեջանը չի վավերացնի այս արձանագրությունը, բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք․ Արծվիկ Մինասյան

Այս արձանագրության վավերացման շրջանակներում շատ կարևոր է ի լուր աշխարհի ևս մեկ անգամ արձանագրել և հայտարարել, թե ինչպես է ադրբեջանական ռեժիմը մարդկանց գնդակահարում Հադրութի հրապարակում, ինչպես են գնդակահարում գերիներին։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Այս հարցի շրջանակներում չափազանց կարևոր է, որպեսզի ԱԺ-ում, եթե ոչ ողջ Ազգային ժողովի անունից, ապա առնվազն խմբակցությունների անունից այս արձանագրության վավերացման շրջանակներում ևս մեկ անգամ արձանագրել միջազգային հանցագործ ադրբեջանական ռեժիմի իրականացրած մարդկության դեմ  ուղղված հանցագործությունները։

Ի լուր աշխարհի մենք պետք է ևս մեկ անգամ արձանագրենք,  հրապարակենք, հայտարարենք, նաև տեսագրություններով է  ֆիքսված, թե ինչպես է ադրբեջանական վայրագ ռեժիմը Հադրութի հրապարակում գնդակահարում մարդկանց, ինչպես են տարբեր տեղերում գնդակահարում գերեվարված անձանց, ինչպես է բանակ կոչված ադրբեջանական խուժանը թե քաղաքացիական  անձանց, թե արդեն անպաշտպան զինվորականների նկատմամբ իրականացնում մահապատիժ։

Սրանք արձանագրումներ են, որոնք պետք է մեզ ու միջազգային հանրության համար հետագայում դառնան Ալիևի և նրա վարչակազմի ու այդ հանցագործությունները կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու իրական հնարավորություն»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանի խոսքով, չափազանց կարևոր է, որ թեև դեռևս Ադրբեջանը չի վավերացրել այս արձանագրությունը, վստահ է, առաջիկայում չի էլ վավերացնելու, բայց պետք է քայլեր  ձեռնարկել, գործողություններ իրականացնել, որպեսզի կարողանան ի լուր աշխարհի արձանագրել, որ գործ ունենք մարդատյաց, մարդակեր, ոչ մի կանոնի չենթարկվող ռեժիմի հետ։

«Այո, մահապատիժը վերացնելու փաստն ու անվերապահ բացառիկ իրավունքը ամրագրված է  Հայաստանի Սահմանադրության մեջ, հետևաբար այստեղ ինչ-որ նոր լրացուցիչ պարտավորության անհաժեշտություն չկա»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

  • Կիսվել: