չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Վերահաստատում ենք մեր կամքը՝ շարժվել Հայաստանը ժողովրդավարական արժեքների երկիր դարձնելու ուղիով. նախագահ Խաչատուրյանի մարտիմեկյան ուղերձը

Վերահաստատում ենք մեր կամքը՝ շարժվել Հայաստանը ժողովրդավարական արժեքների երկիր դարձնելու ուղիով. նախագահ Խաչատուրյանի մարտիմեկյան ուղերձը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ, որում նշված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

15 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում օրվա իշխանություններն ապօրինի կերպով բիրտ ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով Հայաստանի 10 քաղաքացիներ սպանվեցին:



Այս ողբերգական իրադարձությունը, սակայն, մեկ օրվա կամ մեկ ամսվա զարգացումների հետևանք չէր, այլ տարիներ շարունակ մեր երկրում տեղի ունեցած ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների ու քաղաքական հալածանքների մթնոլորտի, պետական համակարգերում քրեաօլիգարխիկ և հանցավոր բարքերի արմատավորման գագաթնակետն էր:

2008 թվականի մարտի 1-ին օրվա իշխանության իրականացրած վայրագությունը դուրս էր մարդկային ողբերգության չափումներից և շատ ավելի լայն ընդգրկում ուներ: Այդ օրն արձակված կրակոցներն ուղղված էին մեր քաղաքացիների ազատ կամքի, նրանց անքակտելի իրավունքների և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների դեմ:

Մարտի 1-ի հանցագործությունը լուռ վկայությունն էր այն բանի, որ օրվա իշխանությունը ձախողել է ազատ, ժողովրդավար, կենսունակ քաղաքական համակարգի ու պետական ինստիտուտների ստեղծման կարևորագույն և պատասխանատու գործը, որովհետև բիրտ ուժի վրա հենված իշխանությունը չի կարող լինել հավաքական հանրության իղձերի ու համազգային նպատակների արտահայտողն ու իրականացնողը:



Սիրելի հայրենակիցներ,

Մարտիմեկյան ողբերգությունից հետո անցած 15 տարիների ընթացքում մեր պետությունն առերեսվեց ծանր փորձությունների, բայց ի պատիվ մեր քաղաքացիների, 2018 թվականի ոչ բռնի հեղափոխությունը եկավ ցույց տալու, որ Հայաստանը անշեղորեն շարժվում է դեպի ժողովրդավարություն, որը հակոտնյա է բռնության որևէ դրսևորման:

Անգամ 2020 թվականին ծանր պատերազմին հաջորդած քաղաքական զարգացումներն ու ընտրություններն ապացուցեցին, որ մեր քաղաքացիների ազատ կամարտահայտությունը, ժողովրդավարական սկզբունքների գերակայությունը վիճարկման առարկա չեն կարող լինել:

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

Այսօր ոգեկոչելով մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակը մենք վերահաստատում ենք մեր կամքը՝ շարժվել Հայաստանն իրավունքի, ազատության և ժողովրդավարական արժեքների երկիր դարձնելու ուղիով, որտեղ բացառված կլինեն քաղաքացիների հանդեպ բռնությունն ու բռնության միջոցով հարցերի լուծումը»:

Վահագն Խաչատուրյանն այսօր մասնակցել է Մարտի 1-ի զոհերի հուշարձանի բացման արարողությանը և ծաղիկներ խոնարհել զոհվածների հիշատակին:

  • Կիսվել: