շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վարձկանությունից բխող վտանգները տարածաշրջանային բնույթի են. ԱԳ փոխնախարարը՝ ՄԱԿ Վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խմբին

Վարձկանությունից բխող վտանգները տարածաշրջանային բնույթի են. ԱԳ փոխնախարարը՝ ՄԱԿ Վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խմբին

ՄԱԿ Վարձկանների կիրառման հարցերով՝ որպես մարդու իրավունքների ոտնահարման և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը խոչընդոտող միջոց, աշխատանքային խումբը Ռավինդրան Դանիելի գլխավորությամբ փետրվարի 20-27-ն  աշխատանքային այց է կատարել Հայաստան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, աշխատանքային խմբի այցի նպատակն էր ուսումնասիրել «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան» վավերացնելուց հետո Հայաստանում գործող իրավական դաշտը և կոնվենցիայի իրականացման համար ձեռնարկվող միջոցները։

Ըստ աղբյուրի՝ փետրվարի 20-ից 22-ը աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել ՀՀ տարբեր գերատեսչությունների հետ: Այնուհետև խմբի ներկայացուցիչները աշխատանքային այցով մեկնել են Սյունիքի մարզի Կապան քաղաք, որտեղ հանդիպել են Սյունիքի մարզպետի և Մարդու իրավունքների պաշտպանի Կապանի գրասենյակի ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակներում Վարձկանների հարցերով աշխատանքային խումբը հանդիպել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

«Փետրվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ամփոփիչ հանդիպում, որի ընթացքում աշխատանքային խումբը ներկայացրել է այցի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև նախնական գնահատականներն ու առաջարկությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամփոփիչ հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նշել է, որ վարձկանությունը և դրանից բխող վտագներն ունեն տարածաշրջանային բնույթ, ինչի վկայությունն է 2020 թ. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից վարձկանների լայն օգտագործումը: Նշվել է, որ տարածաշրջանային վտանգներին դիմակայելու համար անհրաժեշտ է միջազգային դերակատարների, այդ թվում ՄԱԿ-ի համապատասխան կառույցների ներգրավվածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ըստ աղբյուրի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու և խորացնելու համագործակցությունը Վարձկանների հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի մանդատի շրջանակներում: 

  • Կիսվել: