ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարչապետը պետք է հրաժարական տա, իշխող ուժը վարչապետի ԺՊ ընտրի եւ նշանակվեն արտահերթ ընտրություններ․ Արսեն Ջուլֆալակյան

Վարչապետը պետք է հրաժարական տա, իշխող ուժը վարչապետի ԺՊ ընտրի եւ նշանակվեն արտահերթ ընտրություններ․ Արսեն Ջուլֆալակյան

Վարչապետը (ով նաեւ ի պաշտոնե գերագույն հրամանատարն էր պատերազմի օրերին...), կամավոր հրաժարական է տալիս՝ ընդունելով իր մեղքի բաժինը։ Իշխող քաղաքական թիմն ընտրում է իր շարքերից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ հնարավորինս սեղմ ժամկետում նշանակում արտահերթ ընտրություններ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

Նա մասնավորապես գրել է․

«Ի՞նչ է պետք հենց հիմա անել ստեղծված անչափ ծանր իրավիճակում։

Հարց, որով անխտիր բոլորն են մտահոգված (քիչ թե շատ...)։

Վստահ եմ, գերխնդիրը հիմա խուսափելն է քաղաքացիական պատերազմից (որի վտանգը կարծում եմ մեծ է)։

Իսկ ինչպե՞ս դա անել, երբ կա կուտակված բավականին մեծ դժգոհություն (հիմնավոր դժգոհություն)։

Փորձել հարցը լուծել իրավական ճանապարհով

Անկախ նրանից, քո ցանկությամբ է եղել, թե ոչ, գիտակցաբար, թե չէ... երբ ղեկավարությունը վստահվում է մեկին, նա էլ կրում է դրանից բխող ամբողջ պատասխանատվությունը։

Տրիվիալ մի օրինակ, որպեսզի հնարավորինս հասկանալի լինի լայն շրջանակներին, այդ թվում նրանց, ովքեր «քաղաքականությունից գլուխ չեն հանում» եւ իրենց համարում են չքաղաքականացված։

Երբ ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչ է նշանակվում մի մարդ՝ օժտված անհրաժեշտ բոլոր լիազորություններով (հենց այդ մարդու իսկ համաձայնությամբ...), եւ որոշակի ժամանակ անց իր թիմն անսպասելի ծանր պարտություն է կրում, չի կարող մարզիչը տարբեր պատճառներ բերել՝ հիմնավորելու այդ պարտությունը (տղեքն էին մեղավոր՝ վատ խաղացին, ֆեդերացիան էր մեղավոր՝ գումար քիչ տվեց, մրացավարն էր սխալ դատում եւ այլն...)։

Նաեւ չես կարող, օրինակ, տուն ուղարկել ամբողջ թիմին եւ նոր թիմ կազմել։ Հիմնականում նման դեպքերում մարզիչը ներողություն է խնդրում, ընդունում իր սխալն ու հեռանում...

Իսկ այս պահին ի՞նչ իրավական տարբերակ կա։

Վարչապետը (ով նաեւ ի պաշտոնե գերագույն հրամանատարն էր պատերազմի օրերին...), կամավոր հրաժարական է տալիս՝ ընդունելով իր մեղքի բաժինը։ Իշխող քաղաքական թիմն ընտրում է իր շարքերից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ հնարավորինս սեղմ ժամկետներում նշանակում արտահերթ ընտրություններ։

Այս տարբերակը, կարծում եմ կլինի ամենաօպտիմալը՝ խուսափելու հետագա սրացումներից եւ բախումներից, ինչպես նաեւ ունենալու ստեղծված նոր իրականությանը համահունչ իշխանություն։ Արդեն պարզ է, որ լիքը բան է փոխվել եւ ուղղակի աչք փակելով չընդունել այդ ամենը համարում եմ արկածախնդրություն։

Հ.Գ. Գրածս բնավ «հարգարժան» ֆեյքերին ոգեւորելու համար չէ, այլ ուղղված է իրական մարդկանց, հատկապես նրանց, ովքեր որոշում կայացնելու լիազորություն/պարտականություն ունեն ի պաշտոնե։

Հուսամ, հաշվի կառնվի առաջարկս եւ գոնե լուրջ կքննարկվի համապատասխան շրջանակների կողմից։

Պահն իրոք շատ կարեւոր է, ճակատագրական»։

  • Կիսվել: