չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
«Վարչապետի թեկնածուի քննարկում դեռ չի եղել». Բագրատ սրբազան

«Վարչապետի թեկնածուի քննարկում դեռ չի եղել». Բագրատ սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն առավոտյան արդեն եղել է Նկարիչների միությունում, հանդիպել միության նախագահ Սուրեն Սաֆարյանի հետ: Հանդիպման մանրամասների մասին նա լրագրողներին ոչինչ չի ասել:

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդը Նկարիչների միությունից հետո ուղեւորվում է դեպի Գրողների միություն, լինելու է նաև Գիտությունների ազգային ակադեմիայում։

Պատասխանելով լրագողների հարցին` Բագրատ սրբազանն ասաց, որ վարչապետի թեկնածուի քննարկում դեռ չի եղել, առաջիկա օրերին կհանդիպեն, կքննարկեն:
 
Մինչև այդ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ արդյոք արդեն որոշվել է, թե ով է վարչապետի թեկնածուն, ինչին Սրբազանը կատակով պատասխանեց․

«Սերգեյ Գալստյան, Վարազդատ Հարությունյան, Վաղարշակ Գևորգյան, ճանաչո՞ւմ եք իրենց,մեկ էլ Գագիկ Մելքոնյանը։ Առավոտ դուրս եմ եկել քայլելու, ի՞նչ եք ուզում։ Երկիրը վարչապետ չունի՞, որ վարչպետի թեկնածու եք ման գալիս։ Առաջիկա օրերին կգնանք կհանդիպենք քաղաքական ուժերին, անհատներին հիմա եկել ենք նկարիչների միություն հարցնենք՝ Հայաստանը վարչապետ ունի՞, թե՝ չունի»։

Ինչ վերաբերում է այս օրերին հարթակից ատելության խոսք հնչեցնելուն Սրբազանի կողմից, նա նշեց, թե ինքը երևույթներին է գնահատական տալիս։

«Իրենք ինչ ուզում ասում են, ոնց ուզում ասում են։ Մարդու իրավունքների պաշտպան կա կարծեմ մեր երկրում, որ հակառակը պետք է անի, պետությանը կամ կառավարությանը վերահսկի, որ այնտեղից ճնշումներ չլինեն ժողովրդի վրա, իսկ նա հակռակն է անում։

Ընդդիմությունը, կամ ընդդիմադիր հայացքներով մարդիկ, կամ ժողովուրդը լայն իմաստով ինչ-որ առումով անկաշկանդ է իր արտահյտությունների մեջ, բայց դուք տեսե՞լ եք իշխանությունների ամբողջ այդ հարձակումը և ոչ մի պատասխանատվություն չեն կրում դրա համար։

Բեմից ո՞վ է ատելության խոսք ասել, էս վեց տարի է ատելության ու թշնամանքի մեջ ենք ապրում, մենք ենք ասե՞լ բորդյուր լիզող, ասվալտ չգիտեմ ինչ անող, մարդկանց թիկնապահներով բռնել, վրանները թքել, մենք ե՞նք արել, այս ժողովո՞ւրդն է արել։ Կարելի է երկերեսանի չլինել»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 11.00-ի դրությամբ 151 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից:

  • Կիսվել: