կիրակի, օգոստոս 14
14 / 8 / 2022
Վախ չկա ոչ մեկի մոտ էլ, ոչ մեկ գյուղից չի հեռացել. Ներքին Հանդի գյուղապետ

Վախ չկա ոչ մեկի մոտ էլ, ոչ մեկ գյուղից չի հեռացել. Ներքին Հանդի գյուղապետ

Ներքին Հանդ գյուղի  ուղղությամբ Հայաստանի Հանրապետության տարածք մտած ադրբեջանական զինված ուժերը գյուղում կյանքի համար դժվարություններ չեն առաջացրել, քանի որ հեռու են գյուղից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր  Բաղդասարյանը:

«Ադրբեջանական զինված ուժերը գյուղից հեռու են տեղակայված, մեր պաշտպանության նախարարությունը դիրքեր է տեղակայել նրանց դիմաց: Վարդասարի հատվածում իրենք առաջ են եկել հենց պատերազմից հետո, իսկ Բարթազ լեռան հատվածում առաջ են եկել մարտ ամսին: Կրակոցներ չկային, հանգիստ է եղել ընդհանուր առմամբ, մինչեւ էս վերջին դեպքը, որ վրանում հանգստացող զինծառայողի կրակեցին, մեկ օր անց մահացավ»,-ասաց նա:

Խաչատուր Բաղդասարյանը նշեց, որ գյուղում արտագաղթ չկա, բնակիչները չեն վախենում, զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով. «14 հա մշակել են գյուղից դուրս գյուղի տարածքում էլ տնամերձերում են զբաղվում գյուղատնտեսական աշխատանքներով: Վախ չկա ոչ մեկի մոտ էլ, ոչ մեկ գյուղից չի հեռացել»:

Գյուղապետը նշեց, որ տեղյակ չէ, թե որքան են առաջ եկել եւ անդրադառնալով լրատվամիջոցների հրապարակած տեղեկություններին, թե մոտ 900 հա առաջ են եկել, ասաց, որ առանձին հատվածներում են առաջ եկել եւ չի բացառվում, որ այդքան լինի տարածությունը:

Նշենք, որ «Սպուտնիկ Արմենիա» կայքից հայտնել էին, որ Ներքին  Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը  Ներքին Հանդ- Բարդութաղք հատվածում առաջ են եկել 9 քառակուսի կիլոմետր կամ մոտավորապես 900 հա:Բացի այդ  ադրբեջանական դիրքերը տեղակայված են գերիշխող բարձունքների վրա, ինչը հնարավորություն է տալիս ավելի շատ մեծ տարածք տեսնել:

  • Կիսվել: