չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մասիս Մայիլյանին նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում ոչ միայն հեղափոխական, այլ անգամ նորարար գործիչ չի կարելի անվանել․ Վահրամ Աթանեսյան

Մասիս Մայիլյանին նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում ոչ միայն հեղափոխական, այլ անգամ նորարար գործիչ չի կարելի անվանել․ Վահրամ Աթանեսյան

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը, աջակիցներն ու իր քարոզչությանը ներգրավված լրատվամիջոցները պետական չինովնիկի նրա անցյալից ու ներկայից համառորեն փորձում են «հեղափոխականի» կամ նվազագույնը «նորարարի» քաղաքական կերպար կերտել: Այս մասին գրում է վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը

Իրականությունը, սակայն, այն է, որ Մայիլյանը 1992-2007թվականներին, այսինքն՝ ավելի քան մեկուկես տասնմյակ, եղել է նախ ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին առընթեր Լրատվության եւ մամուլի դեպարտամենտի, ապա արտաքին գործերի նախարարության աշխատակից, հասել փոխնախարարի պաշտոնի:

Քաղաքական հայտ Մայիլյանը ներկայացրել է 2007 թվականին՝ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվելով ԼՂՀ նախագահի թեկնածու: Թե ինչո՞վ էր պայմանավորված պետական հաջողակ չինովնիկի անսպասելի որոշումը՝ այլ թեմա է: Փաստ է, որ այդ ընտրություններում նա Բակո Սահակյանի հիմնական մրցակիցն էր: ԼՂՀ ԿԸՀ պաշտոնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցած 71 286 քաղաքացիներից նրա օգտին քվեարկել է 8734-ը կամ բոլոր թեկնածուների օգտին քվեարկածների 12,53 տոկոսը:

Սկսնակ քաղաքական գործչի համար դա պատկառելի ռեսուրս էր, որ կարելի էր արդյունավետ օգտագործել եւ այլընտրանք առաջարկել պետական կառավարման գործող համակարգին: Մեծ էր ակնկալիքը, որ Մայիլյանը կուսակցություն կհիմնադրվի եւ կնախապատրաստվի 2010թ. խորհրդարանական ընտրություններին: Մանավանդ որ փոխվել էր օրենքը, Ազգային ժողովի 33 պատգամավորական տեղերից 22-ը պետք է ընտրվեր համամասնական կարգով:

Բայց ի՞նչ արեց Մայիլյանը: Նա փաստացի լքեց իրեն աջակցած ընտրազանգվածին, քաղաքական գործունեության փոխարեն ընտրեց արեւմտյան դոնոր կառույցների միջոցներով Արցախում փորձագիտական աշխատանքը եւ շուրջ մեկ տասնամյակ որեւէ հրապարակային գործունեություն, որ կվկայեր նրա եթե ոչ ընդդիմադիր, ապա գոնե այլընտրանքային հայացքների մասին, չծավալեց:

Ավելին, 2016թ. տարեվերջին նշանակվեց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, իսկ հաջորդ տարի՝ արտաքին գործերի նախարար: Դա մի շրջան էր, երբ սահմանափակ ռեսուրսներ ունեցող ընդդիմությունը պայքարել էր սահմանադրության ընդունման եւ Բակո Սահակյանին խորհրդարանի կողմից անցումային եռամյա ժամկետով նախագահ ընտրելու դեմ եւ լրջորեն կասկածում էր, որ Արցախում ժողովրդավարությունից եւ սահմանադրական ավանդույթներից նահանջ է արձանագրվում: Այնքան, որ նույնիսկ ժամանակին Բակո Սահակյանին որպես նախագահի միասնական թեկնածու առաջադրած Դաշնակցությունն էր ,,ոչ,, ասում նոր սահմանադրությանը:

Սա է, ահա, Մասիս Մայիլյանի քաղաքական դիմանկարը: Եւ այն լավագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ ոչ միայն հեղափոխական, այլեւ անգամ նորարարական անվանել: Համեմատության եզրեր պարզապես չկան:

  • Կիսվել: