ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուշացած ու անընդունելի նախաձեռնություն է․ Իվետա Տոնոյան

Ուշացած ու անընդունելի նախաձեռնություն է․ Իվետա Տոնոյան

Մեզ համար անընդունելի է մարդու իրավունքների սահմանափակմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները նման արտակարգ շուտափույթ ռեժիմով խորհրդարան բերելու ընթացակարգը, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նշենք, որ խոսքը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում կատարվող փոփոխությունների մասին է։ Կառավարությունն այդ նախաձեռնությամբ նախատեսում է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ հետևել քաղաքացիների հեռախոսազանգերին, հաղորդագրություններին, տեղորոշել նրանց գտնվելու վայրը։ Տեղեկությունները կարող են լինել հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարի համարները, հեռախոսային խոսակցության ամսաթիվը՝ սկիզբը և ավարտը պարզելու համար։ Այդ տեղեկությունները փոխանցվում են կառավարության որոշմամբ սահմանված մարմիններին։  Արդարադատության նախարարը հատուկ շեշտել էր՝ հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու երրորդ անձին։

Տոնոյանն ասաց, որ չնայած օրինագծերի փաթեթի համար սահմանված սուղ ժամկետներին, ուսումնասիրել են նախագիծը և համարում են, որ այն մարդու անձնական կյանքի տիրույթ ներխուժելու մասին նախաձեռնություն է ու ըստ այդմ՝ անընդունելի է։

«Իշխանության մեր գործընկերները անընդհատ բերում են Կորեայի օրինակը։ Բայց պետք է նշեմ, որ երբ այս նախաձեռնությունը կյանքի էր կոչվում Կորեայում, դեպքերի քանակն այնտեղ 30 էր։ Հայաստանում երբ մենք ունենք շուրջ 500 վարակակիրներ, ապա այս նախաձեռնությունը բացարձակ ուշացած է», -հայտարարեց Տոնոյանը՝ ընդգծելով, որ իրենց խմբակցությունը երկրորդ ընթերցմամբ նույնպես դեմ է քվեարկելու այս նախագծին։

  • Կիսվել: