շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու ՈՒԱԳՄ նախագահը քննարկել են առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ուղղված հարցեր

Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու ՈՒԱԳՄ նախագահը քննարկել են առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ուղղված հարցեր

Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը նոյեմբերի 19-ին հյուրընկալվել է Ուկրաինայի արդյունաբերողների ու գործարարների միությունում (ՈւԱԳՄ), որտեղ հանդիպում է ունեցել ՈւԱԳՄ նախագահ, Ուկրաինայի նախկին վարչապետ Անատոլի Կինախի հետ։ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են տնտեսական ոլորտում համագործակցության նոր ձևաչափերի հայտնաբերման հնարավորությունները՝ Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումն ապահովելու նպատակով:

AnalitikaUA.net –ը տեղեկացնում է, որ հանդիպմանն առցանց ձևաչափով միացել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը: Նշվել է, որ Հայաստանը շահագրգռված է իր շուկա հացահատիկի և եգիպտացորենի մատակարարումը դիվերսիֆիկացնելու հարցում։ Ուկրաինան չափազանց գրավիչ գործընկեր է այդ հարցում, սակայն թանկարժեք լոգիստիկ հնարավորությունները (լաստանավային անցում) կարող են խանգարել:

«Մենք փորձում ենք դիվերսիֆիկացնել ցորենի և եգիպտացորենի մատակարարումը: Ուկրաինան մեզ համար գրավիչ գործընկեր է: Խնդիրը թանկ լոգիստիկ հնարավորություններն են: Մենք արդեն խորհրդատվություն ենք անցկացնում Վրաստանի հետ, որը նույնպես դիտարկում է նույն ապրանքն Ուկրաինայից բերելու հարցը, կներգրավենք նաև եվրոպական գործընկերներին, որպեսզի միասին մտածենք ծախսերի ամորտիզացիայի մեխանիզմների մասին և այդպես լուծենք այդ խնդիրը»,-նշել է Վլադիմիր Կարապետյանը:

Կողմերը նշել են, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը դեռ չի համապատասխանում տնտեսական առկա ներուժին՝ տարեկան շրջանառությունը 140-150 մլն  դոլարի մակարդակի վրա է, որի 90 տոկոսն ուկրաինական ապրանքների արտահանումն է:

Իր հերթին, ՈւԱԳՄ նախագահն առաջարկել է Ուկրաինայի և Հայաստանի գործարար շրջանակներին համակարգված երկխոսության գնալ։  Դա հնարավորություն կտար բարձրացնել ապրանքաշրջանառության ցուցանիշները, ինչպես նաև միասնական դիրքորոշում որդեգրել լոգիստիկայի, երբեմն՝ սակագների կարգավորման և այլ հարցերում։

Կողմերը պայմանավորվել են, որ ՈւԱԳՄ-ն դեսպանությանը կտրամադրի բիզնես խորհրդատվության բոլոր առաջարկները:

  • Կիսվել: