ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայի նախագահականում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի գործողություններ են քննարկվել

Թուրքիայի նախագահականում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի գործողություններ են քննարկվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ տեղի է ունեցել նախագահի աշխատակազմի Բարձրագույն խորհրդատվական խորհրդի ժողովը, տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Նախագահի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով ժողովի օրակարգի մասին: ժողովի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ըստ Ալթունի՝ քննարկվել են «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումների դեմ իրականացվելիք անհրաժեշտ գործողությունները»: Ժողովում ներկայացվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայում և արտասահմանում շրջանառվող տեսակետները:

Խորհրդի անդամները հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության թեման որպես գործիք է օգտագործվում այն շրջանակների կողմից, որոնք նպատակ ունեն պառակտել թուրք ժողովրդին: Խորհրդի անդամները կարևորել են թեմային առնչվող «ապատեղեկատվության տարածումը» կանխելու և ճիշտ դիվանագիտական նախաձեռնությունների միջոցով Թուրքիայի դեմ իրականացվող գործողությունները խոչընդոտելու քայլերը:

«Մանրակրկիտ քննարկվել են անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է իրականացվեն 1915-ի դեպքերի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պնդումների դեմ»,-  ասված է Ալթունի տարածած հայտարարության մեջ:

  • Կիսվել: