երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Նույնիսկ եթե Իսրայելը հաշիվներ է մաքրում, Հայոց ցեղասպանության ճանաչումը վաղուց էր հասունացել․ Haaretz

Նույնիսկ եթե Իսրայելը հաշիվներ է մաքրում, Հայոց ցեղասպանության ճանաչումը վաղուց էր հասունացել․ Haaretz

Սա պատասխան քայլ չէ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիայի որդեգրած բացահայտ թշնամական կեցվածքին, սարսափելի հռետորաբանությանն ու Իսրայելի դեմ ուղղված քայլերին։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը՝ մեկնաբանելով նախարարների կաբինետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

«Բայց այն, որ Թուրքիան կեղծ թեզեր է տարածում Իսրայելի մասին, նրան պատմական ճշմարտության առաջ անձեռնմխելի չի դարձնում»։ Այս խիստ խոսքերը լիովին համապատասխանում են իրականությանը, և կառավարությունն իսկապես ճիշտ է վարվել՝ ճանաչելով ցեղասպանությունը։ Այս մասին նշվում է «Haaretz» պարբերականում լույս տեսած Զվի Բարելի վերլուծական հոդվածում։

«Այս փուլում այն հարցը, թե ինչու դա ավելի շուտ չի արվել, իմ կարծիքով, այդքան էլ կարևոր չէ,– շարունակել է նա։ – Ճիշտ վարվելու համար երբեք ուշ չէ»։

Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ Իսրայելի ԱԳ նախարարն այստեղ նույնպես իրավացի է։

Այդուհանդերձ, ըստ Բարելի, հենց այս հարցադրումն է լավագույնս հերքում նախարարի այն պնդումը, թե ընդունված որոշումը «պատասխան քայլ» չէ։

Հեղինակն ընդգծում է, որ տարիներ շարունակ Իսրայելի իրար հաջորդող կառավարությունները տարբեր ձևերով հեռու են մնացել, հնարել հատուկ ձևակերպումներ և, ըստ էության, ստեղծել մեղմասացությունների մի ամբողջ բառարան՝ միայն թե խուսափեն ուղղակիորեն «ցեղասպանություն» բառն օգտագործելուց։

Բարելը հիշեցնում է, որ նույնիսկ 2010 թվականի ճգնաժամի օրերին, երբ Իսրայելը փորձեց կանգնեցնել դեպի Գազայի հատված ուղղվող թուրքական նավատորմը, որոշ քաղաքական գործիչներ առաջարկում էին «պատժել» Թուրքիային՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Սակայն այդ նախաձեռնությունն ի վերջո մերժվեց նույնիսկ այն ժամանակ։

Հոդվածագրի խոսքով՝ այս շաբաթ ընդունված ճանաչումը ամենևին էլ այն սարսափելի կոտորածների փաստերի խորը ուսումնասիրության արդյունքը չէ, որոնց ընթացքում ավելի քան 1,5 միլիոն մարդ է սպանվել։ Այն կապված չէր ոչ իրագործված դաժանությունների վերլուծության, և ոչ էլ թուրքական կողմի արդարացումների հիմնավորվածության ստուգման հետ։ Եթե քվեարկությունից առաջ որևէ քննարկում էլ եղել է, ապա դա վերաբերել է բացառապես այդ որոշման գործնական հետևանքներին, այլ ոչ թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական պարտքին։

«Չէ՞ որ հարցի բարոյական կողմն ակնհայտ էր հենց այն պահից, երբ տեղի ունեցան այդ իրադարձությունները։

Իսկ հնարավոր վնասների գնահատումն անհրաժեշտ էր, որովհետև Թուրքիան երբեք չի ներում Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում այդ զանգվածային սպանությունները պարզապես «իրադարձություններ» են անվանվում, իսկ բռնի տեղահանությունն ու դրան հաջորդած կոտորածները՝ «վերաբնակեցում»»։

«Օսմանյան կառավարությունը տեղական իշխանություններին հանձնարարել էր անվտանգության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայերի կազմակերպված վերաբնակեցման համար,– նշված է այնտեղ։ – Չնայած այդ միջոցառումներին՝ պատերազմական պայմանները, տեղական ավազակախմբերի գործունեությունը, թալանը, տեղի բնակչության ատելությունն ու վրեժխնդրությունը», ինչպես նաև սննդի պակասը, համաճարակներն ու փլուզվող պետության թուլությունը հանգեցրին այս «ողբերգական իրադարձություններին»։

Բացի այդ, պնդում է արվում, թե «այն պաշտոնյաներն ու քաղաքացիական անձինք, որոնք չեն կատարել կառավարության հրահանգները և հանցագործություններ են գործել հայ գաղթականների քարավանների դեմ, դեռևս մինչև պատերազմի ավարտը կանգնել են ռազմական դատարանների առաջ («Դիվան-ի Հարբի Օրֆի», 1915–1916 թթ.)»։ Թուրքական կողմը նաև հայտարարում է, թե «որևէ ապացույց չի հայտնաբերվել այն մասին, որ Օսմանյան կառավարությունը արտոնել կամ խրախուսել է հայերի սպանությունները»,– նշում է պարբերականը։

Հոդվածի հեղինակի խոսքով՝ Անկարայի պաշտոնական տեսակետն այն է, որ այս վարկածի դեմ ցանկացած առարկություն ոչ միայն պատմության խեղաթյուրում է, այլև երկրի կարգավիճակն ու լեգիտիմությունը խարխլելու փորձ։ Իսկ նման բանը, ըստ Թուրքիայի, ներման ենթակա չէ։

Բարելն իր հոդվածում հիշեցնում է, որ երբ Ֆրանցիսկոս Պապը 2015 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին, իսկ Էրդողանը սպառնաց դիմել հավելյալ քայլերի։ Նա նույնիսկ ակնարկեց, որ Թուրքիայում բնակվող շուրջ 25 հազար հայ փախստականներ կարող են արտաքսվել։ Վատիկանում, սակայն, այս սպառնալիքներն անհեթեթ համարեցին։

«Ինչպես այն ժամանակ «Հյուրիեթ» թերթում գրել էր թուրք մեկնաբան Բուրակ Բեքդիլը. «Իմ աղբյուրներից գիտեմ, թե Թուրքիան ինչպես է պատրաստվում պատասխանել այն դանակին, որը Ֆրանցիսկոս Պապը խրեց նրա թիկունքը։ Վատիկանի ռազմական արդյունաբերությանը թույլ չեն տա մասնակցել թուրքական շահութաբեր տենդերներին, այդ թվում՝ հրթիռային համակարգերի և ինքնաթիռների գնումներին… Տնտեսագետների գնահատմամբ՝ թուրքական պատժամիջոցները հատկապես ծանր հարված կհասցնեն Վատիկանի ավտոմոբիլային արդյունաբերությանը, իսկ Թուրքիան կօգտագործի իր ազդեցությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Վատիկանի ընտրությանը խոչընդոտելու համար»։

Հասկանալի է, որ Վատիկանի դեմ ոչ մի պատժամիջոց էլ չկիրառվեց։ Այդուհանդերձ, այս սյունակի հրապարակումից երեք տարի անց «Հյուրիեթ»-ի սեփականատերերը ստիպված եղան թերթը վաճառել մի հոլդինգի, որը պատկանում է Էրդողանի մերձավորներից մեկին»,– նշում է պարբերականը։

Հեղինակը հիշեցնում է նաև, որ Էրդողանի արձագանքը շատ ավելի կոշտ էր, երբ Ֆրանսիայի խորհրդարանը 2011 թվականին որոշեց քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը՝ օրինախախտների համար սահմանելով մինչև մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք։

«Թուրքիան հետ կանչեց Փարիզից իր դեսպանին, չեղարկեց ռազմական գնումներն ու համատեղ զորավարժությունները, ինչպես նաև սահմանափակեց երկկողմ տնտեսական կապերը։

Երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2021 թվականին այդ զանգվածային սպանություններն անվանեց ցեղասպանություն՝ Թուրքիան այդպես էլ չկարողացավ, որևէ սպառնալիք կամ ուլտիմատում ներկայացնել ԱՄՆ-ին։ Այդուհանդերձ, Էրդողանը խիստ քննադատության ենթարկեց Բայդենին՝ մեղադրելով նրան հայկական լոբբիի և այլ «հակաթուրքական» խմբերի ճնշումներին տեղի տալու մեջ։

Ի տարբերություն նրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վեց անգամ խուսափել է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց։ Ամեն տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, նա իր խորին ցավակցությունն էր հայտնում հայ զոհերի հարազատներին, բայց գիտակցաբար չէր օգտագործում այդ տերմինը։

Իսրայելի պարագայում իրավիճակն այլ է, քանի որ, ըստ էության, երկու երկրներն արդեն սպառել են միմյանց նոր վնաս հասցնելու հնարավորությունները։ Թուրք-իսրայելական հարաբերությունները գտնվում են աննախադեպ ցածր մակարդակի վրա։ Դեսպանատներն ու հյուպատոսությունները փաստացի չեն գործում, դեսպանները լքել են իրենց պոստերը, իսկ նորերը այդպես էլ չեն նշանակվել։

Այդուհանդերձ, մասնավոր ընկերությունների միջև առևտրային կապերը պահպանվում են, թեև պետական մակարդակով տնտեսական համագործակցությունը դադարեցված է։ Շարունակվում է նաև հետախուզական ծառայությունների փոխգործակցությունը, թեպետ ավելի փոքր ծավալներով, քան մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսված պատերազմը։ Բացի այդ, երկու երկրներն էլ ուղղակի և անուղղակի կերպով համակարգում են Սիրիայի վերաբերյալ անվտանգության հարցերը, որտեղ Թուրքիան առաջատար դիվանագիտական դեր է խաղում Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաայի հետ հարաբերություններում»,– գրում է Բարելը։

Հոդվածի հեղինակի խոսքով՝ բացի այդ, Թուրքիան շարունակում է տարանցիկ երկիր մնալ այն նավթի համար, որն Իսրայելը գնում է Ադրբեջանից։ Դա կազմում է Իսրայելի սպառած նավթի 40-ից 50 տոկոսը։ Թերևս հենց այս հարցն է ամենամեծ մտահոգությունները առաջացրել նախարարների կաբինետում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումների ժամանակ։

«Այդուհանդերձ, Բաքվից Թբիլիսիով դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստ ձգվող խողովակաշարով նավթի տարանցումը կարգավորող համաձայնագիրը (որտեղից այն բարձվում է իսրայելական լցանավեր), նախատեսում է, որ համաձայնագրի մասնակից երկրների միջև քաղաքական զարգացումներն ու դիվանագիտական հակամարտությունները չպետք է ազդեն խողովակաշարի աշխատանքի վրա։ Ըստ էության, այս երթուղին արտատարածքային կարգավիճակ է ստացել։

Բացի այդ, Երուսաղեմի և Բաքվի միջև սերտ ռազմական համագործակցությունը, ինչպես նաև այն օգնությունը, որն Իսրայելը ցուցաբերել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի դեմ մղված պատերազմներում, թույլ են տալիս ենթադրել, որ նույնիսկ եթե Ադրբեջանը հանդես գա խիստ հայտարարություններով (ինչպես արդեն եղել է), դա գործնական ազդեցություն չի ունենա երկկողմ հարաբերությունների վրա»։

Թուրքիան ու Իսրայելը միմյանց դիտարկում են որպես մրցակիցներ և նույնիսկ թշնամիներ, ու սա ամենևին էլ նոր երևույթ չէ։ Էրդողանը բազմիցս Իսրայելի վարչապետներին անվանել է ահաբեկիչներ, իսկ Հորդանան գետի արևմտյան ափին ու Գազայի հատվածում ցուցաբերված քաղաքականությունը՝ «պետական ահաբեկչություն»։ Վերջին շրջանում Անկարայի ներկայացուցիչները նաև հայտարարում են, որ Սիրիայում և Լիբանանում Իսրայելի գործողությունները սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը։

«Թուրքիայի ազգային անվտանգությունը սկսվում է ոչ թե Հաթայից, այլ Դամասկոսից ու Բեյրութից»,– հայտարարել է Էրդողանը՝ նկատի ունենալով Թուրքիայի ամենահարավային նահանգը։ Նա հավելել է, որ Թուրքիան մտադիր չէ ձեռքերը ծալած նստել այս սպառնալիքների առաջ։

Նման հայտարարությունները տեղավորվում են թուրքական այն պատկերացումների համատեքստում, թե Իսրայելը ձգտում է դառնալ Մերձավոր Արևելքի տարածաշրջանային գերիշխանը և ձևավորել նոր տարածաշրջանային կարգ։ Այս տեսակետը գրեթե ամբողջությամբ համընկնում է Իսրայելում տարածված այն համոզման հետ, թե Էրդողանը ժամանակակից օսմանյան սուլթան է, որը փորձում է տարածաշրջանը ենթարկեցնել իր կայսերական նկրտումներին։

Այդուհանդերձ, մինչ օրս Էրդողանը զերծ է մնացել Իսրայելի հետ հարաբերությունների պաշտոնական խզումից։ Երբ նա 2024 թվականին հայտարարեց Իսրայելի հետ տնտեսական կապերի դադարեցման մասին, նրան հարցրին, թե ինչու լիովին չի խզում դիվանագիտական հարաբերությունները։ Ի պատասխան նա ասաց. «Հարաբերությունների խզումը քաղաքականություն չէ»,– նշում է Բարելը։

Հեղինակը նաև հետևյալ հարցադրումն է անում. արդյո՞ք Էրդողանն այժմ կհամարձակվի անել հաջորդ քայլը և հայտարարել Իսրայելի հետ հարաբերությունների ամբողջական խզման մասին։

«Թուրքական աղբյուրները, կառավարության որոշ ներկայացուցիչներ և Էրդողանի մերձավոր շրջապատի մարդիկ հայտնել են, որ Իսրայելի հետ հարաբերությունները խզելու հարցը նախկինում էլ բազմիցս է բարձրացվել, և Անկարան նույնիսկ խորհրդակցություններ է անցկացրել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ինչպես Բայդենի, այնպես էլ Թրամփի վարչակազմերի օրոք։ «Ամեն անգամ թուրքական ղեկավարությունը հանգել է այն եզրակացության, որ այդ քայլը մեծ օգուտ չի բերի, իսկ ինքը՝ Թուրքիան, կարող է միանգամայն տուժել դրանից»,– ասել է աղբյուրներից մեկը։

Այժմ, ըստ նույն աղբյուրներից մի քանիսի, Անկարայում կարծում են, որ Վաշինգտոնում Իսրայելի դիրքերը զգալիորեն թուլացել են։ Բացի այդ, Թուրքիան արդեն երկար տարիներ Իսրայելի միջնորդության կարիքը չունի ԱՄՆ կառավարության հետ հարաբերություններում սեփական շահերն առաջ տանելու համար. սա հատկապես արդիական է Թրամփի օրոք, որն Էրդողանին իր «եղբայրն» է համարում։

Բայց նույնիսկ այս ամենը հաշվի առնելով՝ Իսրայելի հետ հարաբերությունների ամբողջական խզումը կարող է չափազանց արմատական քայլ լինել մի ժամանակաշրջանում, երբ Թուրքիան փորձում է վերադառնալ F-35 կործանիչների մշակման ծրագիր և ձգտում է ձեռք բերել այդ ինքնաթիռները, ինչպես նաև շարժիչներ (իր արդեն իսկ ունեցած ավիապարկի համար)։ Սա այն դեպքում, երբ ԱՄՆ Կոնգրեսը քննարկում է Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, իսկ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հարցը դեռևս մնում է չլուծված։

«Այդուհանդերձ, ինչպես նշել է աղբյուրներից մեկը, «Էրդողանը նման է Թրամփին։ Երբեմն նա նախ որոշում է կայացնում, իսկ հետո միայն սկսում մտածել։ Ու ամենևին էլ ոչ միշտ է ամեն ինչ կշռադատում բանականության նժարով»»,– գրում է «Հաարեց»-ը։

Ըստ news.am-ի:

  • Կիսվել: